«Ես իմ վերաբերմունքը կառուցում եմ ոչ թե ստիպված, այլ որպես սկզբունք, սպասումների վրա։ Նախօրոք նեգատիվը տեսնելը իմ կանոնների մեջ չի մտնում»։ Այս մասին այսօր քաղաքապետարանում նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմանակալության արարողությունից առաջ «Հրապարակի» հետ զրույցում ասաց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը՝ խոսելով նոր քաղաքապետի նկատմամբ ունեցած վերաբերմունքից։Մեր մյուս հարցին, թե նախկինում պաշտպանել է ՀՀԿ-ին, այս նոր իշխանության կողքին եւս կանգնելո՞ւ է, պատասխանեց․ «Բոլոր այն ողջամիտ մարդկանց կողքին, ովքեր կօգնեն Հայաստանին իր բարձր պատվով խնդիրներ լուծելու համար»։ Նա դիտարկում արեց, թե կոմպոզիտորի հետ կուսակցական խնդիրներ պետք չէ պարզել, այլ պետք է հետաքրքրվել իրենից, թե ի՞նչ նոր լավ կամ վատ երգ է գրել։ Մենք էլ իրեն հիշեցրինք, որ դեռ մեկ տարի առաջ բավական դրական էր արտահայտվում Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի հասցեին։ Կոմպոզիտորն էլ դիտարկմանը պատասխանեց․ «Այո, ես՝ որպես մարդ, մարդու հանդեպ միշտ էլ լավ եմ արտահայտվել։ Կուսակցությունն ինձ համար գոյություն չունի այս պահին»։Հարցին՝ այսինքն փոխե՞լ է դիրքորոշումը, պատասխանեց․ «Կյանքը փոխվում է մեր լվացվելուց հետո ամեն օր եւ տեսակը փոխվում ա»։