Մայրաքաղաքում ինքնակամ շինարարությունների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Նախորդ շաբաթ գրանցվել է 10 դեպք, 3 ապօրինի շինություն է քանդվել:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ պատրաստ է օրենքի նոր նախագիծը, որի ընդունումից հետո ինքնակամ շինություններն օրինականացնելու հնարավորություն այլևս չի լինելու:

«Սա առաջնահերթ խնդիր է: Ինքնական շինությունների օրինականացման գործընթացը կասեցնելուց հետո միայն մենք կունենանք իրական արդյունք: Հակառակ դեպքում քաղաքացիները կշարունակեն մտածել, որ իրենց տունը կամ խանութը կարող են անօրինական կերպով կառուցել, այնուհետ օրինականացնել»,- ընդգծել է Հայկ Մարությանը:

Հասարակական տրանսպորտի վարորդների՝ կանոնները չպահպանելու, ղեկին ծխելու և ծխախոտի մնացորդը փողոց նետելու դեպքերի առնչությամբ հանձնարարվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացնել հսկողությունն ու արձանագրվող յուրաքանչյուր դեպքի մասով վարորդներին վարչական պատասխանատվության ենթարկել:

Հետևողական պայքար է տարվում նաև Երևանում փողոցային առևտրի վերացման ուղղությամբ: Նախորդ շաբաթ արձանագրվել է 21 դեպք: Երեկոյան հերթապահության արդյունքում հայտնաբերվել է 2 դեպք:

Անդրադառնալով թափառող կենդանիների, մասնավորապես անտուն շների խնդրին և քաղաքացիներից ստացվող ահազանգերին՝ քաղաքապետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել հարցին և արագացնել այս ուղղությամբ աշխատանքները:

Ամեն ինչ պատրաստ է փետրվարի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ Սուրբ Սարգսի տոնը նշելու համար: Միջոցառումներում կներգրավվեն քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցները, մշակութային կենտրոնները: