Այսօր Ազգային ժողովում տեղի է ունենալու «Իմ քայլը» խմբակցության փակ նիստ, որին ներկա է լինելու նաեւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Այս տեղեկությունը հաստատեց նաեւ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Օրակարգում ՊԵԿ պարգեւատրումների հարցն է, պատգամավորներն Անանյանից պարզաբանումներ են պահանջելու՝ աղմուկ հանած պարգեւատրումների մասին:

«Քննարկելու ենք պարգեւավճարների հետ որոշակի հարցեր, ինչպես նաեւ Հարկային օրենսգրքի հետ կապված հարցեր ունենք»:

Հարցին՝ պարգեւավճարների հետ կապված իր մոտ ի՞նչ հարցեր են առաջացել, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Հանրային արձագանքը մեզ համար որոշակի մտածելու տեղիք է տալիս եւ գտնում ենք, որ պարզաբանման կարիք կա: Պետք է պարգեւատրման հարցը մանրամասն ուսումնասիրել, բացել խնդիրը: Մենք մի կողմից ասում ենք, որ կա օրենք եւ օրենքի շրջանակներում գործողություններ են արվում, բայց մյուս կողմից մենք ունենք հանրային մեծ արձագանք»:

Հարցին՝ ինչու՞ ժողովուրդն ընդդիմացավ օրենքով նախատեսված պարգեւավճարներին, Մակունցն ասաց, որ այդ հարցին ավելի ուշ՝ քննարկումից հետո կպատասխանի:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ այս քննարկմանը նաեւ առաջ բերվի ՊԵԿ նախագահի փոփոխության հարցը, Լիլիթ Մակունցն ասաց. «Ցանկացած հարց, որ մենք բարձրաձայնում ենք, ինքնանպատակ չէ: Մենք, եթե ինչ-որ խնդրի մասին խոսում ենք, ապա ուզում ենք, որ լուծում ստանա: Այս պահին չեմ կարող պատասխանել այդ հարցին, նման խնդիր այս պահին չենք դնում»:

Հիշեցնենք, որ Yerevan.today կայքը գրել էր, թե ՊԵԿ-ում մի քանի միլիոնների պարգեւատրումներ են եղել: Օրինակ, ՊԵԿ ղեկավարը ստացել է 8 մլն դրամ, նրա տեղակալը՝ 9 մլն դրամ: Ավելի ուշ ՊԵԿ-ը հերքեց սույն տեղեկությունը, բայց պաշտոնական պարզաբանումը շատերին չի գոհացրել:

«Իմ քայլի» որոշ պատգամավորներ ՀԺ-ի հետ մասնավոր զրույցներում նշեցին, որ Անանյանին հարցախեղդ են անելու: Ի դեպ, Անանյանը մինչեւ «Իմ քայլը» խմբակցություն գալն այս պահին հանդիպում է կամ արդեն վերջացրել է հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: