Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը բխում է Հայաստանի անվտանգության ապահովման հետաքրքրություններից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ռուսաստանի սպաների միության» փորձագիտական խմբի անդամ, ռազմական քաղաքագետների ասոցիացիայի փորձագետ Ալեքսանդր Պերենջիևը:
Վերջինս նշեց, որ եթե Մոսկվան հրաժարվի Ադրբեջանին զենք վաճառելուց, մի կողմից, կզրկվի Ադրբեջանի վրա ազդելու հնարավորությունից, մյուս կողմից Ադրբեջանը կարող է դառնալ ոչ բարյացակամ երկիր ՌԴ-ի համար, իսկ դա լրջորեն կբարդացնի իրավիճակը Հարավային Կովկասում և կվատթարացնի անվտանգային հարցը Հայաստանի համար:

- Հայաստանում նոր իշխանությունների ձևավորումից հետո թարմացան զրույցները հայ-ռուսական հարաբերությունները վերանայելու մասին: Ավելի կոշտացան հանրային մոտեցումները Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ: Արդյոք Ռուսաստանի պահվածքը բնորո՞շ է դաշնակցային հարաբերություններին:
- Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքը, որքան էլ տարօրինակ հնչի, ելնում է բացառապես պաշտոնական Երևանի շահերից: Ունենալով ռազմատեխնիկական համագործակցություն Բաքվի հետ՝ Ռուսաստանն իր հետևում է թողնում Հայաստանի հարևանների վրա ազդեցության գործիքներ ինչպես ռազմական քաղաքականության, այնպես էլ անվտանգության ապահովման ոլորտներում:
Սա, իհարկե, վերաբերում է նաև Ադրբեջանի և Հայաստանի Զինված ուժերի միջև տիրող իրավիճակին:
Եթե Մոսկվան հրաժարվի Ադրբեջանին զենք վաճառելուց, մի կողմից, կզրկվի Ադրբեջանի վրա ազդելու հնարավորությունից, մյուս կողմից, Ադրբեջանը կարող է դառնալ ոչ բարյացակամ երկիր ՌԴ համար, իսկ դա լրջորեն կբարդացնի իրավիճակը Հարավային Կովկասում և կվատթարացնի անվտանգային հարցը Հայաստանի համար:
Ռուսական սպառազինության բնութագրիչները հայտնի են հայ զինվորներին, ինչը հնարավորություն է տալիս խուսափել ադրբեջանական կողմի մատուցած հավանական անակնկալներից: Եթե ադրբեջանական բանակը զինված լինի բացառապես ոչ ռուսական արտադրության զենք-զինամթերքով, դա հայկական կողմի համար լրջագույնս կբարդացնի իրավիճակը շփման գծում:
Խնդրում եմ հայ հասարակությանը հասկանալ, որ «սուրբ տեղը դատարկ չի մնա»: Եթե պաշտոնական Բաքուն զենք չգնի Ռուսաստանից, կգնի մեկ այլ երկրից: Ի դեպ, որոշակի ծավալներով Ադրբեջանն արդեն գնում է սպառազինություն այլ պետություններից: Բայց ամբողջապես հրաժարվելը Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունից կնվազեցնի Ռուսաստանի կողմից Հայաստանի անվտանգության ապահովումը: Քաղաքականության մեջ, հատկապես անվտանգության ապահովման ոլորտում, ամեն ինչ պարզունակ չէ:
- Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը թուլացել է: Ամեն դեպքում կողմերից որևէ մեկը հակառակի մասին հայտարարություն չի արել: Դա ժամանակավո՞ր է:
- Կարծում եմ, որ, այո, ժամանակավոր է: Քանի դեռ ադրբեջանական կողմը հույսեր ունի, որ իր հետաքրքրությունները կարող են ռեալիզացվել խաղաղ բանակցային ճանապարհով, բացառել լարվածության աճը հնարավոր չէ: Միաժամանակ, ուզում եմ հրավիրել Ձեր ուշադրությունն այն հանգամանքի վրա, որ պաշտոնական Բաքուն բանակցային գործընթացում հույսեր է կապում պաշտոնական Մինսկի ու Մոսկվայի հետ, որոնք ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակիցներն են: Ադրբեջանի այս հույսերն օրեցօր ի չիք են դառնում:
- Պատերազմն անխուսափելի՞ է:
- Ենթադրում եմ, որ դա անխուսափելի է: Խաղաղ բանակցային գործընթացը Ադրբեջանի հետաքրքրությունների իրացման տեսանկյունից արդյունավետ չէ: Բաքվում հակվում են այն մտքին, որ տարածքային հարցերը լուծելու համար ռազմական ճանապարհին այլընտրանք չկա: Ադրբեջանը երբևէ չի համակերպվի ստատուս քվոյի հետ, Ադրբեջանը երբեք, կրկնում եմ, երբեք չի համակերպվի ներկայիս դրության հետ: