Երկար կարելի է խոսել այն պատճառների մասին, որոնք 1998-ին հանգեցրեցին հակահեղափոխության, կամ՝ հայկական «թերմիդորականության» հաղթանակին։ Այդ թեմային բազմիցս ենք անդրադարձել ու, անտարակույս՝ անդրադարձի նորանոր առիթներ կլինեն, որովհետև Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն՝ իր հակասականությամբ, ստիպում է հայացք նետել Երրորդ հանրապետության պատմությանը՝ ստանալու համար բազմաթիվ կնճռոտ հարցերի պատասխանները։

1998-ի պալատական հեղաշրջումը գործնականում ու գաղափարական հարթության վրա անշրջելի դառնալ չէր կարող, եթե Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո ասպարեզից չհեռացվեին 88-ի հետ ասոցացվող ու Երրորդ հանրապետության պատմության առանցքային և խարիզմատիկ գործիչներ համարվող Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանը։

Վազգենի դեմ դավադրություն կարող էին կազմակերպել ցանկացած ձևով՝ մահափորձ, անհատական ահաբեկչություն և այլն, սակայն ընտրվեց խորհրդարանում կազմակերպված սպանդի տարբերակը։ Հայկական «թերմիդորականությանը»՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, անհրաժեշտ էր ցուցադրաբար հաշվեհարդար տեսնել Երրորդ հանրապետության հետ, մանավանդ, որ նույն խնդիրն էր հետապնդում հայկական քրեօլիգարխիայի արտաքին հովանավորը՝ Ռուսաստանը, որտեղ դեմոկրատական կարճատև «ձնհալից» հետո իշխանության էր եկել ԽՍՀՄ կործանումը ողբերգություն համարող չեկիստ Վլադիրմիր Պուտինը։

Հոկտեմբերի 27-ը հայկական «թերմիդորականության» ու ռուսական կայսրության հաշվեհարդարն էր Երրորդ հանրապետությունից։

Դրանից հետո մնացել էր Վանո Սիրադեղյանը, որը մինչև Հոկտեմբերի 27-ը փորձել էր Վազգեն Սարգսյանի միջոցով կանխել Երրորդ հանրապետթույն գնդակահարությունը, սակայն նրան չհաջողվեց փրկել ոչ միայն Հանրապետության, այլ նաև՝ ընկերոջ կյանքը։

Երբ Երրորդ հանրապետության առանցքային գործիչ Վանո Սիրադեղյանը բռնեց պանդխտության ճանապարհը, ակնհայտ դարձավ, որ Վազգենի ու Վանոյի բացակայութամբ կտրվում է Երրորդ հանրապեության վերջին թելը։

Թավշյա հեղափոխությունը սկզբունքորեն ուղղված էր հայկական քրեաօլիգարխիկ «թերմիդորականության» դեմ ու պետք է միտված լիներ Երրորդ հանրապետության սահմանադրական կարգի, արժեքային համակարգի վերականգմանը, կամ, որ նույնն է՝ ռուսական վասալության ռեժիմի ապամոնտաժմանը։

Նման բան առայժմ չենք տեսել ու թերևս չտեսնենք, որովհետև ռուսական վասալության կազմաքանդման բանալին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության ամբողջական ու լիարժեք բացահայտումն է։ Սա Մոսկվայում հասկացել են ու դրա համար ֆորմալ ու ստվերային հարթակներում «դոշ» են տալիս Ռոբերտ Քոչարյանի համար։ Ռուսական վերնախավը, մեծ հաշվով՝ թքած ունի Մարտի 1-ի ոճրագործության բացահայտման վրա, որովհետև դրանում ռուսական հետքն, այսպես ասած՝ ստանդարտ բնույթ ունի․ նա վախենում է, որ կալանավորված Ռոբերտ Քոչարյանը կարող է Հոկտեմբերի 27-ի բացահայտման բանալի դառնալ։

Հայաստանի հետհեղափոխական իշխանության քաղաքականության անգամ լատենտ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մերոնք ռուսական գծից՝ մեծ հաշվով, շեղվող չեն ու Ռոբերտ Քոչարյանի կալանավորում ու առանց դրա Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը չեն գնալու։ Եթե այս վարկածը մոտ է իրականությանը, ապա Ռոբերտ Քոչարյանն ու նրա ճակատագիրը շուտով չեն հետաքրքրելու Պուտինին ու նրա շրջապատին։ Ի վերջո, Կրեմլի համար կարևորը՝ ռուսական վասալության ռեժիմի պահպանումն է, իսկ այդ խնդիրը լուծելի է, եթե բանը չի հասնում Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը։

․․․Հեղափոխությունից նույնիսկ իննը ամիս հետո Վանո Սիրադեղյանի մասին հիշող չկա։ Եթե քրեաօլիգարխիան «խաչակրաց պատերազմ» էր վարում Երրրոդ հանրապետության դեմ, ապա թավշյա հեղափոխության առաջնորդները՝ իրենց արածի բացառիկության ճանապարհը տեսնում են անցյալի ժխտողականության մեջ, անգամ՝ 88-ի։ Թերևս դա է պատճառը, որ հետհեղափոխական Հայաստանում տեղ չգտնվեց անգամ Վանոյի համար․․․

Թավշյա հեղափոխությունը չի հանգեցրել Երրորդ հանրապետության վերականգմանը, բայց չի բացահայտել նաև Չորրորդի բովանդակությունը։