Այսօր հայտնի դարձավ, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է դատապարտյալ Մհեր Եղիազարյանը, ով 2018 թվականի դեկտեմբերի 5-ից գտնվում էր հացադուլի մեջ: 2019-ի հունվարի 17-ին Եղիազարյանի վիճակը կտրուկ վատացել է ստամոքսի վնասման հետևանքով: Կեսօրից հետո պաշտոնապես տեղեկություն տարածվեց այն մասին, որ 44 օր հացաադուլի մեջ գտնվող Եղիազարյանը մահացել է: Նա, ի դեպ, haynews.am կայքի սեփականատերն է, լրագրող:

Տեղի ունեցածը այլ կերպ, քան մարդասպանություն, դժվար է որակել: Սա ցցուն օրինակ է այն բանի, ինչպես է պետությունը սպանում քաղաքացուն: Հատկապես այն քաղաքացուն, որը գտնվում է անազատության մեջ: Պետության, համապատասխան կառույցների ու պաաշտոնյաների համար կալանավայրում գտնվող քաղաքացին երկրորդ «սորտի» քաղաքացի է, նրա կյանքը այդ կառույցների ու պաշտոնյաների համար այլևս արժեք չի ներկայացնում: Այլապես 1.5 ամիս հացադուլի մեջ գտնվող մարդուն պետությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարության, ՔԿՀ վարչակազմի, ղեկավարության որևէ ընդառաջ քայլ կձեռնարկեր, կկանխեր մարդու մահը, դատարանն էլ չէր մերժի գրավով ոչ ծանր հանցագործության մեջ մեղադրվող Եղիազարյանին ազատելու միջոնորդությունը:

Սա, ի դեպ նոր Հայաստանի քրեակատարողական ծառայությունն է, որը փաստորեն ոչնչով չի տարբերվում նախորդ՝ հին Հայաստանի, քրեաօլիգարխիկ Հայաստանի համանման կառույցներից: Ինչպես նախորդ վարչակազմի ՔԿՀ-ն սպանեց Հաց բերողին՝ Արթուր Սարսգայնին, այնպես էլ հեղափոխված Հայաստանի գաղութը նպաստեց Մհեր Եղիազարյանի մահվանը: Սա ուղղակի խայտառակություն է, այնպիսի խայտառակություն, որի համար պետք է մարդիկ, տասնյակ մարդիկ պատասխանատվության ենթարկվեն՝ ոչ թե պաշտոններից ազատվելով ընդամենը, այլ հայտնվելով այն քրեակատարողական հիմնարկներում, որոնք ղեկավարում են իրենք և որոնցում մարդու մահը սովորոկան երևույթ է: Սա դեպք է, որը պետք է արժանանան իշխանության վերաբերմունքին՝ ամենաբարձր մակարդակով դիրքորոշման արտահայտմանը:

Իսկ քրեակատարողական ծառայության վարքագիծն անցնում է ցինիզմի ու ամենաթողության բոլոր սահմանները: Դրա ամենացուն օրինակն էլ այն է, որ քրեակատարողական հիմնարկներում ամենաթողությունն ու կաշառակերությունը վերացնելու փոխարեն Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայցադիմում է ներկայացրել «Ժամանակ» օրաթերթի դեմ՝ զրպարտություն հանդիսացող «Ժամանակ» օրաթերթի 2018թ. դեկտեմբերի 12-ի «Բարձիթողի վիճակ՝ ՔԿՀ-ներում աշխատակիցները փող են աշխատում բանտախցի դռները բաց պահելու համար» խորագրով հոդվածը հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին:

Թերթը գրել էր, որ իր տեղեկություններով՝ կատարյալ բարձիթողի վիճակ է քրեակատարողական հաստատություններում: «Նոր Հայաստանում ՔԿՀ-ների շուրջ ձևավորվել են տարբեր խմբավորումներ, որոնք հսկայական գումար են աշխատում կալանավորներին ալկոհոլ, թմրադեղեր կամ սնունդ մատակարարելու միջոցով: Կալանավայրերի աշխատակազմն էլ իր հերթին է գումար վաստակում կալանավորների հետ համագործակցության միջոցով: Մեր տեղեկություններով՝ որոշ կալանավորներ գումարներ են վճարում ՔԿՀ աշխատակիցներին բանտախցի դռները բաց պահելու համար: «Եթե այս պրոգրեսը շարունակվի, Հայաստանը կարող է ունենալ տարածաշրջանի և գուցե աշխարհի ամենաազատական կալանավայրերը»,- գրել էր «Ժամանակ» օրաթերթը: Քրեակատարողական ծառայությունը, սա դիտել է որպես զրպարտություն և հերքում է պահանջում։

«Հեղափոխություն», «Նոր Հայաստան», «Իրավիճակ է փոխվել» այս և նմանակարգ արտահայտությունները ընդամենը հանրահավաքային գեղեցիկ կաղապարներ են, ոչ ավելին: Իրականությունն այն է, որ Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում շարունակում են իշխել նախկին իշխանության կադրերն ու բարքերը, կոռուպցիան ու ամենաթողությունը, հովանավորչությունն ու մարդասպանությունը:

Տարբերությունն այն է միայն, որ նախորդ Արդարադատության նախարարի անունը Դավիթ Հարությունյան էր, գործող նախարարինը՝ Արտակ Զեյնալյան: Հետաքրքիր է, իսկ ինչ է մտածում վարչապետը իր հեղափոխած նոր Հայաստանի, դրանում մարդկանց կյանքի ու մահվան մասին: