Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 50 մլրդ դոլարի միջպետական հայց է նախապատրաստում արցախյան կոնֆլիկտի կոնտեքստում: Այս մասին Tert.am-ի զրույցում նշել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում եւ Նախարարների կոմիտեում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը:

«Ցավոք, ես տեղեկություն ունեի, որ Ադրբեջանը նախապատրաստում է միջպետական հայց ընդդեմ Հայաստանի՝ հենց արցախյան կոնֆլիկտի կոնտեքստում, եւ այդ հայցն իր մեջ պարունակում է քաղաքական կոմպոնենտ, այսինքն՝ այդ հայցի քննարկման ժամանակ քննարկման առարկա է դառնալու կոնֆլիկտի բոլոր ուղղությունները՝ քաղաքական, իրավական, սոցիալական, մշակութային, իրավական եւ այլն, բայց ամենամտահոգիչն այն է, որ տնտեսական լուրջ կոմպոնենտ ունի, ինչո՞ւ, որովհետեւ ինձ հասած տեղեկատվության համաձայն, մոտ 50 մլրդ դոլարի հայց է նախապատրաստվում ընդդեմ Հայաստանի: Ադրբեջանի դեսպանները Եվրոպայի տարբեր երկրներում պայմանագրեր են կնքում իրավաբանների եւ փաստաբանների հետ, այսինքն՝ ստեղծում են փաստաբանական խումբ այդ հայցը ներկայացնելու համար:

Այս հայցն ինձ համար ամենակարեւորն է, եւ ես իմ կյանքում ամեն ինչ մի կողմ կդնեմ եւ այս հարցով կզբաղվեմ, թեկուզ ոչ պաշտոնապես»,-հայտարարել է նա:

Հարցին, թե նախադեպեր կա՞ն նման հայցերի, նաեւ մեր տարածաշրջանում, նա պատասխանել է. «Այո, իհարկե, բազմաթիվ նախադեպեր կան, բայց վերջին նախադեպերից Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի հայցն է, Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործը, որոնք բավականին լուրջ բեռ են ավելացրել յուրաքնաչյուր երկրի համար: Որ ասենք՝ 50 մլրդ դժվար եւ այլն, մենք դեռ ֆինանսական հարցը չենք քննարկում, դա դատարանն է որոշելու, բայց նման դեպքերով պետությունը պետությանը դատի է տալիս ՄԻԵԴ-ում, եւ բացի այն, որ այդ դիրքորոշումները լուրջ ազդեցություն են ունենում, կա նաեւ տնտեսական բաղադրիչը:

Օրինակ՝ մեկ գործ կա, թերեւս միջպետական չէ, Իլաշկոն ընդդեմ Մոլդովայի եւ Ռուսաստանի գործն էր, Մերձդնեստրը, որը դե յուրե Մոլդովայի տարածքն էր, հիմա չճանաչված անկախ պետություն է, ՄԻԵԴ-ը սահմանեց երկու լուրջ խնդիր, ասաց՝ թեեւ Մոլդովան դե յուրե հանդիսանում է այդ տարածքի իրավասության կրողը, ՌԴ-ն էլ դե ֆակտո է կրում այդ պատասխանատվությունը: Այսինքն՝ ՄԻԵԴ-ի մակարդակով ֆիքսվեց, որ այդ պետությունը դե յուրե հանդիսանում է Մոլդովա պետության տարածք, բայց դե ֆակտո գտնվում է ՌԴ-ի ազդեցության տակ: Նույնը Վրաստանը հաղթեց ՌԴ-ին օգոստոսյան պատերազմի գործով, նախադեպերը կան, դրա համար է չափազանց կարեւոր, որ այս հարցին մեծ պատասխանատվությամբ մոտենանք»: