Նախորդ շաբաթ՝ հունվարի 16-ին, Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած հանդիպմանը զուգահեռ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ խիստ ուշագրավ հայտարարություն է արել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ՝ ասելով, թե ղարաբաղյան հարցում լուծումներ գտնելու պատրաստակամության մասին Բաքվից հնչող հայտարարությունները արժանի են խրախուսանքի։ Նա նաև հույս է հայտնել, թե «հայ ընկերները կպատասխանեն դրան փոխադարձ պատրաստակամությամբ»։ Ռուսաստանը, Լավրովի խոսքերով, հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի «բարի կամքի» առկայության դեպքում առաջընթաց կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։


Լավրովի կոչն ու Բաքվի թակարդը

Բայց ի՞նչ պատրաստակամության մասին է խոսում Լավրովը։ Ինչո՞ւմ է պատրաստակամություն հայտնել Ադրբեջանը։ Ե՞րբ է Բաքուն հայտարարել, թե պատրաստակամ է փոխզիջումներ անելու, պատրաստ է հակամարտության համապարփակ և խաղաղ կարգավորմանը՝ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում ընդունված հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։ Այո, վերջին ամիսներին Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը զգալիորեն մեղմվել է, և ագրեսիվ հայտարարությունները Արցախի, Հայաստանի հասցեին նույն կոշտությամբ չեն հնչում, ինչ նախկինում էր։ Բայց, ըստ էության, Ադրբեջանի դիրքորոշման մեջ որևէ լուրջ փոփոխություն չի եղել։ Խոսքն այն մասին է, թե ինչպես է Ադրբեջանը պատկերացնում Լեռնային Ղարաբաղի կամ ինչպես իրենք են ասում՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը։
Հարցն Ադրբեջանի ուղերձների մատուցման ոճի մեջ է։ Ադրբեջանական կողմն ընդամենը նախագահի և արտգործնախարարի շուրթերով մի քանի երկիմաստ, հակասական, իբրև թե «լավատեսական» հայտարարություններ արեց, որոնք տեղեկատվական խառնաշփոթի պատճառ դարձան Հայաստանում՝ առաջացնելով կասկածներ, թե հնարավոր է՝ Հայաստանի ղեկավարությունն ինչ-որ համաձայնություն է ձեռք բերել Ադրբեջանի հետ՝ հակամարտության կարգավորման ինչ-որ լուծումներ գտնելու շուրջ։ Բայց դրանից՝ հայտարարությունների ավելի խոր ուսումնասիրությունը ցույց էր տալիս, որ դրանք ընդամենը խորամանկ տակտիկական քայլեր էին Ադրբեջանի կողմից՝ բարելավելու իր դիրքերը դիվանագիտական գործընթացում, ազդելու հայ հանրության ու նաև միջնորդների կարծիքի վրա։ Օրինակ, Ադրբեջանի նախագահ Ալիևը մի կողմից հայտարարում էր, թե «այսօր բարենպաստ պայմաններ են ստեղծվել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համար», մյուս կողմից էլ ասում էր, թե Ադրբեջանը շարունակելու է «Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը՝ մինչև օկուպացված ադրբեջանական տարածքների լիարժեք ազատագրումը»։ Իսկ «բարենպաստ պայմաններ» ասելով՝ նկատի ուներ այն, որ իր կարծիքով՝ Ադրբեջանն այսօր տնտեսապես, քաղաքականապես և ռազմականապես ավելի ուժեղ է, հետևաբար ավելի լավ նախադրյալներ են ստեղծվել Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու համար։ Արտգործնախարար Մամեդյարովը, նախ, հայտարարեց, թե Միլանում դեկտեմբերի 5-ին կայացած հանդիպմանը «փոխըմբռնման» է հասել իր հայ գործընկերոջ հետ։ Հետո մեկ այլ առիթով հայտարարեց, թե Ադրբեջանը պատրաստ է ապահովել «Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը և բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տալ նրանց՝ Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»։ Այսպիսով, Մամեդյարովը հերթական անգամ վերահաստատեց Բաքվի ապակառուցողական, առավելապաշտական և փոխզիջում չենթադրող դիրքորոշումը, որը, բնականաբար, ոչ մի պարագայում չի կարող ընդունելի լինել արցախահայության և Հայաստանի համար և նույնիսկ ենթակա չէ քննարկման։ Այլ հարց է, թե այս պայմաններում ինչո՞ւ է Հայաստանի արտգործնախարարը հանդիպում Մամեդյարովի հետ ու ի՞նչ է քննարկում երեք կամ չորս ժամ տևած հանդիպումների ժամանակ։

Մոսկվան ակտիվացնում է «Լավրովի պլանը»

Ամեն դեպքում Բաքվի այս քաղաքականությունը, ինչպես տեսնում ենք, տվել է որոշ արդյունքներ, և Լավրովի վերոնշյալ հայտարարությունը դրա վկայությունն է։ Թեև Լավրովի այդ կոչը կարող է ավելի խորքային պատճառներ ունենալ։ Ընդհանրապես, գիտության մեջ քաղաքական պրոցեսները հաճախ համեմատում են վարար գետի հետ, որն ունի մակերես, բայց ունի նաև ստորջրյա հոսանքներ և քարեր։ Այս դեպքում էլ կարելի է ասել, որ խոսքը Արցախի շուրջ զարգացող քաղաքական գործընթացների «ստորջրյա հոսանքների» մասին է։ Մակերևույթին երևացող իրադարձությունները կամ պաշտոնական հաղորդագրությունները շատ քիչ բան են ասում այն մասին, թե ինչ է իրականում կատարվում փակ դռների ետևում ու նաև կարգավորման գործընթացին մասնակցող կողմերի հարաբերություններում, որոնք ևս կարող են ազդել հիմնախնդրի կարգավորման վրա։ Եվ վերջին շրջանի զարգացումների վերլուծությունը ցույց է տալիս, որ Մոսկվան և իր «եվրասիական» գործընկերները քայլեր են ձեռնարկում Ադրբեջանին եվրասիական ինտեգրման գործընթացում ներգրավելու համար։ Ու քանի որ առանց ղարաբաղյան հարցի լուծման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման Ադրբեջանը գործնականում չի կարող անդամակցել ՀԱՊԿ-ին ու Եվրասիական տնտեսական միությանը, որովհետև Հայաստանը դեմ կքվեարկի դրան, Ալիևն էլ հստակ պայման է դրել Ռուսաստանի և մյուս գործընկերների առաջ, որ առաջընթաց ապահովեն Ղարաբաղի հարցում՝ Ադրբեջանին ցանկալի սցենարով, հնարավոր է, որ այս հարցը խթան դառնա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ռուսական ծրագրի՝ «Լավրովի պլանի» առաջմղման համար։ Իսկ դա նշանակում է, որ Կրեմլը կարող է ճնշում գործադրել հայկական կողմի վրա՝ զիջումներ անելու Ադրբեջանին։

Պե՞տք է արդյոք եզրակացնենք, որ Արցախի հարցում կրկին ակտիվանում է ռուս-ադրբեջանական տանդեմը՝ փորձելով կյանքի կոչել այդ ծրագիրը, որի մասին Ադրբեջանի արտգործնախարարը մի քանի անգամ մեծ գոհունակությամբ է արտահայտվել, իսկ Ռուսաստանի արտգործնախարարն ամեն կերպ հերքել է դրա գոյությունը։ 


Մոսկվան սպասում է Փաշինյանի արձագանքին

«Եվրասիական գաղափարների արհեստանոց» հիմնադրամի (The Workshop of Eurasian Ideas Foundation) փորձագիտական խորհրդի նախագահ, արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը նման ենթատեքստեր կամ տողատակեր չի տեսնում Լավրովի խոսքերում։.
Փորձագետն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն ընդամենը հերթական անգամ կրկնել է պարբերաբար Ռուսաստանի կողմից արտահայտվող դիրքորոշումը։ Ավելին, Ռուսաստանի նախագահ Պուտինը, Տրոֆիմչուկի խոսքերով, 2016 թ․ ապրիլյան պատերազմից հետո կոչ է արել թե՛ Բաքվին և թե՛ Երևանին «փնտրելու փոխզիջումներ»։
«Նման փոխզիջումներ փնտրելու կոչն այժմ Լավրովի կողմից փաստացի հասցեագրվել է «նոր Հայաստանին», քանի որ այժմ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար Հայաստանի կողմից պատասխանում են այլ մարդիկ։ Միևնույն ժամանակ, Մոսկվան իրավունք ունի հույս ունենալու, որ այս հարցում որևէ անակնկալ չի լինի Նիկոլ Փաշինյանի կողմից, քանի որ Հայաստանի վարչապետն ի սկզբանե հասկացրեց, որ Ղարաբաղը լինելու է իր քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկը։ Թերևս Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավարի՝ «հայ ընկերներին» ուղղված խոսքում կա նաև այս թախանձագին խնդրանքը։ Ես բազմիցս նշել եմ, որ Բաքուն այն ժամանակ անմիջապես արձագանքել է ՌԴ նախագահի խնդրանքին և սկսել է փոխզիջումների փնտրտուքը։ Մասնավորապես, նրանք հռչակեցին նախագիծ Ղարաբաղի կարգավիճակի մասին, ինչպես նաև ստեղծվեց Խաղաղության պլատֆորմ Հայաստանի և Ադրբեջանի։ Իհարկե, կարելի է անվերջ քննադատել այս նախագծերը, բայց հարցն այն է, որ դրանք կան և դրանց մասին հայտարարվել է»,- նշեց Տրոֆիմչուկը՝ ավելացնելով, թե այժմ էլ Հայաստանի նոր ղեկավարությունից են արձագանք ակնկալում այս և այլ առաջարկություններին, ինչպես նաև Հայաստանի փոխզիջումների ցուցակին։
«Հենց սա է պատասխանը ձեր այն հարցին, թե ե՞րբ է Ադրբեջանը խոսել փոխզիջումների մասին և որո՞նք են դրանք։ Ընդ որում պետք է հիշել, որ արդեն բավական երկար ժամանակ է անցել 2016 թ․ ապրիլից, այդ պատճառով Բաքուն սկսում է նյարդայնանալ, քանի որ չի ուզում ներքաշվել նոր՝ 20-ամյա բանակցությունների մեջ։ Եվ ընդհանրապես Ադրբեջանը հույս ուներ, որ հակամարտության գոտու հողերի ռեինտեգրացիան կտրուկ կարագանա այն բանից հետո, երբ Բաքուն համաձայնեց հրադադարին և բանակցություններին՝ դադարեցնելով ռազմական հարձակումները։ Այնուամենայնիվ, դա տեղի չունեցավ և ըստ էության՝ չէր էլ կարող լինել, այդ պատճառով ադրբեջանական կողմից գնալով ավելի ու ավելի կոշտ հայտարարություններ են հնչում»,- ավելացրեց Տրոֆիմչուկը։

Բաքվի կեղծ «խաղաղասիրությունը»

Ռուսաստանցի փորձագետը, իհարկե, ճիշտ է, որ Բաքուն ժամանակին հանդես է եկել «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պլատֆորմ» ստեղծելու նախաձեռնությամբ, բայց ողջ խնդիրն այն է, որ դա ընդամենը Ադրբեջանի կեղտոտ հակահայկական քարոզչության մի մասն էր՝ քողարկված կեղծ խաղաղասիրական ծրագրերով։ Ադրբեջանը միշտ է խոսել «խաղաղության» մասին, բայց «խաղաղություն» ասելով՝ նկատի է ունեցել ոչ թե փոխհամաձայնություն Հայաստանի ու արցախահայության հետ, այլ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին բռնակցելը, որը Ղարաբաղի հայության և ընդհանրապես Հայաստանի համոզմամբ՝ չի կարող բերել խաղաղության, քանի որ հիմնախնդիրը ծագել է հենց Ղարաբաղի բռնակցումից։ Այս «խաղաղասիրական» ծրագրի ակտիվ մասնակիցներն էին հայկական ազգանուն ունեցող մի քանի տխրահռչակ դեմքեր, որոնք, ըստ ամենայնի, ֆինանսավորվում էին կամ մինչ օրս էլ շարունակում են ֆինանսավորել Բաքվի կողմից։ Օրինակ՝ 2015-ին Հայաստանից Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանը, արտերկրում բնակվող և որպես «վտարանդի գրող», «իրավապաշտպան» հանդես եկող Վահե Ավետյանը։ «Իրավապաշտպանի» անվան տակ եկող այս անձինք պարզապես կրկնում էին ադրբեջանական քարոզչության հայտնի թեզերը։ Վահան Մարտիրոսյանը, օրինակ, ասում էր, թե Ղարաբաղի հայերն ուզում են ապրել Ադրբեջանի կազմում, կամ՝ Հայոց ցեղասպանությունը ռուսներն են հորինել, որ հայերին վախեցնեն թուրքերով։ Վահե Ավետյանը հստակ հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղը պիտի լինի Ադրբեջանի կազմում»։ Մինչ օրս էլ նա շարունակում է մաղձ թափել Հայաստանի ու հայության հասցեին։ Այս կեղծիքը հետագայում բացահայտեց ինքը՝ Վահան Մարտիրոսյանը, երբ խնդիրներ առաջացան Ադրբեջանի իշխանությունների հետ, և նա ստիպված եղավ լքել երկիրը։ Մարտիրոսյանը հայտարարեց, որ Բաքվի «խաղաղության պլատֆորմը» իրականում Ադրբեջանի հատուկ ծառայությունների նախագիծն է, որի միջոցով «պաշտոնական Բաքուն հերթական անգամ փորձում է թոզ փչել համաշխարհային հանրության, հայերի և Ադրբեջանի ժողովրդի աչքերին՝ կոծկելով ագրեսորի և Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ ատելություն սերմանողի էությունը»։

Պատմության դասերն ու խնդրի միակ արդար լուծումը

Ամենատարակուսելին, սակայն, Տրոֆիմչուկի մեկնաբանության մեջ ոչ թե Ադրբեջանի կողմից փոխզիջումների առկայության մասին պնդումն էր, այլ մեկ այլ տեսակետ, թե Լեռնային Ղարաբաղի հայությունը «վերաինտեգրման» դեպքում ապահով ու անվտանգ կապրի «Ադրբեջանի հովանու ներքո»։
«Կարծում եմ՝ Ադրբեջանը լուրջ բացթողումներ ունի ինֆորմացիոն-քարզոչական առումով։ Իրենց փոխարեն ես տարիներ շարունակ կխոսեի այն մասին, որ վերաինտեգրումից հետո Ղարաբաղի հայ բնակչությունը Ադրբեջանի հովանու ներքո կապրի՝ «ինչպես Քրիստոսի գրկում» («У Христа за пазухой»)։ Այսինքն՝ վաղուց փարատած կլինեի [Ղարաբաղի հայ] բնակչության մտավախությունները»։ Այդ պատճառով էլ Երևանին ձեռնտու է Բաքվի կոշտ հռետորաբանությունը, քանի որ ակնհայտ է, որ Երևանը չի պատրաստվում որևէ մեկին որևէ բան տալ։ Նման հույսեր տածելը պարզապես անմտություն է»,- ասաց Տրոֆիմչուկը։
Մեր հարցին, թե իրոք կարծում եք, որ «Ղարաբաղի հայերը կապրեն Ադրբեջանի հովանու ներքո՝ ինչպես Քրիստոսի գրկում», Տրոֆիմչուկը պատասխանեց, թե սխալ ենք հասկացել իր միտքը։
«Ես խոսում եմ ադրբեջանական քարոզչության առանցքային սխալների մասին»,- պատասխանեց Տրոֆիմչուկը։.
Թե ինչու է ռուսաստանցի փորձագետը լծվել ադրբեջանական քարոզչությանն օգնելու գործին՝ դժվար է ասել։ Բոլոր դեպքերում ինչպե՞ս կարելի է խոսել Ադրբեջանի կազմում անվտանգ ապրելու մասին այն ամենից հետո, ինչ տեսել ենք մենք, ինչ տեսել է Արցախի հայությունը՝ Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ջարդեր, պարտադրված պատերազմ։ Եվ ամենակարևորը՝ անտեսվում է խնդրի պատմական ենթատեքստը, որը հիմնարար նշանակություն ունի հարցի էությունը հասկանալու տեսանկյունից։ 1921 թ․ հուլիսին բոլշևիկյան իշխանությունները, Ստալինի կարգադրությամբ, գերազանցապես հայերով բնակեցված Ղարաբաղի շրջանը պարզապես նվիրեցին խորհրդային Ադրբեջանին։ Թե ինչու՝ դա արդեն այլ քննարկման թեմա է։ Բոլոր դեպքերում սա այն երկաթե փաստարկն է, որը պետք է լինի հարցին առնչվող բոլոր վերլուծությունների հիմքում և որի հիման վրա միայն հայկական կողմը կարող է ապացուցել, որ Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին հիմնախնդրի միակ արդար լուծումն է։ Ցավոք, այս հանգամանքի մասին հաճախ մոռանում են նույնիսկ մեզանում։ Շատ փորձագետներ խնդիրն իջեցնում են անվտանգության հարցի մակարդակի, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմի մեջ, որովհետև հայերը չեն կարող անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում։ Դա, իհարկե, ճիշտ է, ու գոնե մեզ համար պարզ է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը չի կարող անվտանգ ապրել իր բնօրրանում, չի կարող պահպանել ո՛չ իր կոմպակտ գոյությունն այս տարածքում, ո՛չ էլ իր ինքնությունը, եթե լինի Բաքվի իշխանության ներքո։ Բայց 1988-ի փետրվարին Արցախի ու Հայաստանի հայությունը ոտքի ելան ոչ թե անվտանգության հարցեր լուծելու (դրանք առաջացան ավելի ուշ՝ Սումգայիթի ջարդերից հետո), այլ ավելի վեհ գաղափարի համար՝ վերականգնելու պատմական արդարությունը, որովհետև Արցախը հայկական հող է և պիտի լինի Մայր Հայաստանի հետ։ Ինչպե՞ս կարելի է այս ամենը անտեսել։

Հարցին Գրիգորի Տրոֆիմչուկը պատասխանեց, թե «պատմության մեջ չեմ մտնում։ Իմ գործը արդի ժամանակներն են»։