PanARMENIAN.Net - Երևանում 20-ից ավելի ապօրինի շինություն է քանդվել: Այդ մասին հայտարարել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ ամփոփելով իր գործունեության 100 օրը:
Անդրադառնալով ավտոտնակների խնդրին՝ Մեսչյանն ասել է, որ բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում դիմում են՝ սեփականաշնորհելու որևէ ավտոտնակ, տալիս են բացասական պատասխան, միայն վարձակալության շարունակության թույլտվություն են տալիս, որ կարողանան դրանք ապամոնտաժել, հայտնում է «Առավոտը»:
«Թող ինձնից չնեղանան ավտոտնակների համար դիմողները, առանձնապես ավտոտնակների վրա երկրորդ, երրորդ հարկ կառուցողները: Արդեն երրորդ հարկ են կառուցում ավտոտնակների վրա, էլի, գժվել են»,-ասել է նա:
Կրպակների վերաբերյալ Մեսչյանն ասել է, որ վարձակալության պայմանագիր են երկարացնում, բայց սեփականաշնորհելուն կատեգորիկ ասում են՝ ոչ, որովհետև դրանց մեծ մասը մայթերի կամ կանաչ տարածքների մեջ են:
Անդրադառնալով ապօրինի կամ ինքնակամ շինություններին՝ նա հորդորել է հողազավթումներ չանել, դիմել և կառուցել օրինական ճանապարհով: «Եթե մարդը ծանր սոցիալական իրավիճակում կարողանում է 20-25 քմ-անոց ինչ-որ մի բան կառուցի, որ իր ընտանիքն ապրի, բնականաբար, ես ոչ մի պրոբլեմ չունեմ, աջակցում եմ: Բայց գիտեք ինչ, մեկ-մեկ բերում են 3-4 հարկանի ապօրինի կառուցված շենքեր, օրինակ, դուք իմ տեղը լինեք, ի՞նչ կանեք, չե՞ք ասի, որ հավաքվի ու գնա գրողի ծոցը, բավարար չի՞»,-ասել է նա: