Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը մեկնաբանել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Դավոսում կայացած հանդիպումը:

Ըստ նախկին արտգործնախարարի՝ հանդիպումների ընթացքում ադրբեջանական կողմը հիմնականում հետապնդում է երկու նպատակ՝ հասկանալ, թե ինչ կարելի է ակնկալել Հայաստանի նոր ղեկավարից, երկրորդը՝ ուղերձ հղել միջազգային հանրությանը:

«Առկա տեղեկատվությունն իսկապես շատ քիչ է, այդ իսկ պատճառով բավականին բարդ է որևէ եզրակացություն անելը: Ընդհանուր առմամբ՝ կարելի ասել, որ ադրբեջանական կողմն օգտագործում է հանդիպման հնարավորությունն իր դիրքորոշումը Փաշինյանին հասցնելու համար: Կարծում եմ, որ ադրբեջանական կողմը Փաշինյանին ընկալում է որպես գործընկեր, որը դեռ պատրաստ չէ լուրջ երկխոսության», - ասել է Զուլֆուգարովը՝ ընդգծելով, որ Ադրբեջանն այս փուլում փորձում է հասկանալ, թե ինչ կարելի է ակնկալել Հայաստանի վարչապետից:

«Ենթադրում եմ, որ հանդիպման ընթացքում հնչեցվել է Ադրբեջանի հստակ դիրքորոշումը, հակամարտության կարգավորման մասին մեր պատկերացումները, և սահմանվել է հստակ «կարմիր գիծը», որը մենք երբեք չենք անցնի:
Հնարավոր է, որ հայկական կողմին է հասցվել նաև հարցը ոչ միայն բանակցային ճանապարհով լուծելու Ադրբեջանի պատրաստակամությունը»,- շարունակել է ադրբեջանցի նախկին նախարարը:

Նա նաև ընդգծել է, որ նման հանդիպումները հստակ ուղերձ են միջազգային հանրությանը՝ ցույց տալու, որ Ադրբեջանը ձեռնարկում է հնարավոր ամեն քայլ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար:

«Դա կարծես ի ցույց է դնում այն հանգամանքը, որ գնդակը Հայաստանի դաշտում է՝ Փաշինյանի մոտ, որն իր երկրում քաղաքական խնդիրների որոշակի մասի լուծումից հետո պետք է ցուցադրի իր իրական մտադրությունները: Պետք է ընդգծել, որ հանդիպումն Ադրբեջանի ղեկավարի հետ կայացավ այն բանից հետո, երբ Փաշինյանն ամբողջությամբ իր ձեռքը վերցրեց իշխանությունը Հայաստանում: Նա պաշտոնապես գլխավորել է կառավարությունը, երկրում արդեն աշխատանքի է անցել խորհրդարանը, որը հիմնականում բաղկացած է նրա կողմնակիցներից», - նշել է Զուլֆուգարովը:

Այնուամենայնիվ՝ ադրբեջանցի դիվանագետն ընդգծել է, որ Հայաստանի նախկին իշխանությունները երկրում դեռ տիրապետում են տնտեսական ու քաղաքական որոշակի լծակների, այսպիսով՝ ընտրություններից հետո Հայաստանում ձևավորվել է քաղաքական հիմնական երկու ուղղություն, որոնք հետագայում ազդելու են իրավիճակի զարգացման վրա:

«Փաշինյանը երբեք չի գնա հիմնախնդրի որևէ քաղաքական լուծման: Նրա խնդիրը ժամանակ շահելն է», - եզրափակել է Զուլֆուգարովը: