ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ նախատեսում է երեքշաբթի Դավոսում ոչ ֆորմալ հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Այո, դա ոչ ֆորմալ հանդիպում է», – ասել է Փաշինյանը` պատասխանելով այն հարցին, թե այսօր կկայանա՞ նրա երկկողմ հանդիպումը նախագահ Ալիևի հետ։
Ավելի վաղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե երբ կկայանա նրա զրույցն Ադրբեջանի նախագահի հետ` Փաշինյանը հայտարարել էր. «շատ շուտով»։


Կարդացեք նաև

Փաշինյան. ադրբեջանական կողմի հետ հաստատվել է հուսալի, օպերատիվ կապ
Իլհամ Ալիևն իր հերթին Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության միջև լիաֆորմատ բանակցություններ դեռ չեն եղել, սակայն արդեն տեղի են ունեցել մի քանի «օգտակար զրույցներ»։ Նրա խոսքով, ԱՊՀ գագաթնաժողովների շրջանակում կայացած այդ հանդիպումներն օգտակար էին կողմերի դիրքորոշումները սահմանելու և Ղարաբաղի հարցով բանակցություններն ակտիվացնելու համար։ Ալիևն ընդգծել է, որ երբեք չի խուսափել հայկական կողմի հետ կապերից այդ հարցի շուրջ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։
Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։