Այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկայացրեց 2017-18 ուսումնական տարում ԵՊՀ հիմնադրամի կատարած աշխատանքների հաշվետվությունը եւ 2017-18 ուսումնական տարում նախատեսված աշխատանքների կատարողականի հաստատումը։
Սիմոնյանը զեկուցեց, որ ԵՊՀ արհեստակցական միության կողմից համալսարանի 316 աշխատողի հատկացվել է 13 մլն 342 հազար դրամ: Համալսարանի աշխատակիցների՝ ԵՊՀ-ում սովորող 161 ուսանողի համար կիրառվել է ուսման վարձավճարի մինչև 80 տոկոս զեղչ․
«ԵՊՀ ֆինանսական միջոցներից հատկացվել է 56 մլն ՀՀ դրամ, իսկ խրախուսման և օգնության նպատակով 18 աշխատողի հատկացվել է 2 մլն 800 հազար դրամ: 2016 թվականի ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների վիճակը բարելավելու նպատակով զոհված 24 զինծառայողի 56 անչափահաս երեխաների՝ հենց ապրիլից մինչև նրանց չափահաս դառնալը ԵՊՀ-ն տրամադրում է ամենամսյա դրամական օգնություն»,- տեղեկացրեց Արամ Սիմոնյանը: