Կառավարությունն անորոշության մեջ է։ Իրենց բոլորից ու ամենայնից գիտակ պատկերացնողներն ու իրենց այդպես դիրքավորվողները չեն կողմնորոշվում կառավարության նոր կառուցվածքի հարցում։ Չեն կողմնորոշվում ու ձևավորում են…կիսատ կառավարություն։ Ժողովրդական բանահյուսությունը նման իրավիճակների համար բավական բնորոշումներ ունի, որոնք ոչ այնքան բարեհունչ լինելու պատճառով, չենք մեջբերում։ Բանահյուսությունը՝ բանահյուսություն, բայց մենք փաստորեն հիմա ապրում ենք թերի պետական կառավարման ռեժիմում։ Ամենագետներն ու ամենակարողները չեն կարողանում վերջնական որոշում կայացնել մի քանի նախարարությունների հարցում։ Բայց քանի որ իրենց ամեն ինչ կարելի է, քանի որ իրենք ապրում են «թողեք թող աշխատեն», «հեղափոխություն ենք արել, ձեզ փրկել ենք նախորդ ռեժիմից» կենցաղային, պարզունակ կարգախոսներով, նրանք իրենց թույլ են տալիս հետաձգել կառավարության վերջնական կազմի հաստատումը։ Հոգնած են երևի մարդիկ, կամ միգուցե զբաղված։ Չէ որ հիմա խաշի ամենապիկ սեզոնն է։ Եղանանակն էլ, հակառակի նման՝ գնալով տաքանում է, երկու շաբաթ հետո խաշ ուտելու համար եղանակային պայմանները կարող են արդեն բարենպաստ չլինել։ Իսկ կառավարության կառուցվածքը կարող է սպասել։ Մի ամիս այս կողմ, մի ամիս այն կողմ։ Չէ որ երիտհեղափոխականներն արդեն ու այլևս ունեն ամբողջական, ամբոջական ու գրեթե ամբողջատիրական իշխանություն ու իրենց կարող են թույլ տալ քայլեր, որոնք հիշեցնում են անարխիզմ։ Պետական կառավարման անարխիզմ։

Ընդհանրապես պետական կառավարման, դրա արդյունավետության անընհատ բարձրացման խնդիրը նորմալ հասարակություններում ամենաակտուալ, անընհատ օրակարգում գտնվող կարևորագույն հարցերից է։

Ի վերջո, ի՞նչ գործառույթ է իրականացնում ժողովրդավարական հասարակարգերում պետական կառավարման համակարգը։ Մենք՝ հարկատուներս վարձում ենք պետական ծառայողներին, մեր վճարած հարկերի, տուրքերի տեսքով նրանց աշխատավարձ ենք վճարում, որպեսզի նրանք իրականացնեն մեր կյանքը բարելավվելու, պետական ու հանրային կենսագործունեության բոլոր ոլորտներում առաջընթած ապահովելուն ուղղված քայլեր։ Պետական կառավարման փիլիսոփայությունը հանգում է նվազագույն ծախսումներով առավելագույն արդյունքի հասնելու ալգորիթմին։ Դա տեղին է նաև կառավարման այլ ոլորտներում՝ բիզնես, գիտություն, մշակույթ և այլն։ Իսկ ի՞նչ ենք հասկանում ծախսումներ ասելով, երբ խոսքը վերաբերում է պետական կառավարմանը։ Դա հանրային ներուժի, հանրության վստահության մանդատի, հանրային սպասումների ու ակնկալիքների հանրագումարն է, որի ծախսը պետք է ապահովի առավելագույն արդյունք բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, արտաքին քաղաքականություն, ներքին ու արտաքին անվտանգություն, մշակույթ, կրթություն և այլն և այդպես շարունակ։ Նոր Հայաստանի նոր իշխանությունը պաշտոնավարում է արդեն ավելի քան ինն ամիս։ Գնահատեք ոլորտ առ ոլորտ նոր իշխանության իրականացրած քայլերը։ Չնչին բացառություններով ցավով կարձանագրեք, որ որևէ ոլորտում մենք դեռևս չունենք ոչ միայն հեղափոխական, այլ անգամ շարքային, սովորական փոփոխություն ու առաջընթաց։

Որովհետև Հայաստանում պետական կառավարումն իրականացվում և վախենանք՝ շարունակելու է իրականացվել ոչ թե գիտականորեն հիմնավորված աշխատանքային նորմատիվներով, դրանց համապատասխանությամբ կադրերի ընտրությամբ (այս կատեգորիաները մարդկությանը հայտնի են դեռևս 19-րդ դարի վերջից՝ «Գիտական կառավարման» դպրոցի ներակայացուցիչների աշխատություններից), այլ «թիմային» սկզբունքով։ Ճիշտ այնպես, ինչպես նախկին ռեժիմների պարագայում՝ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին։ Պարզապես նրանց իրականացրածը մենք անվանում ենք «կլանայնություն», «թայֆայություն», իսկ այսօր կատարվողը՝ հեղափոխականություն։ Անկեղծ չենք, ինչպես ասել է Թումանյանն իր հայտնի հոդվածում :

Պետական կառավարումը կառավարման գիտության շրջանակներում համարվում է ամենաբարդ ուղղություններից մեկը, քանի որ ի տարբերություն գործարարության, այս դեպքում գործ ունենք բազմաթիվ ոչ չափելի կատեգորիաների հետ։ Հանրային սպասումների բավարարում, կյանքի որակ (իհարկե կան կյանքի որակի գնահատման հարակից, անուղղակի գործակիցներ ու մեթոդներ), հավատ վաղվա օրվա նկատմամբ… Այս և նման շատ կատեգորիաներ ենթակա չեն քանակական գնահատման և դրանց մասին մենք կարող ենք հարաբերականորեն պատեկրացում կազմել այլ՝ չափելի ցուցանիշների միջոցով, ինչպիսիք են ՀՆԱ-ի աճը, աշխատավարձերի, կենսաթոշակների ու նպաստների մակարդակը, ժողովրդագրական ցուցանիշները և այլն։ Ցավոք, չափելի ցուցանիշների գծով անցած ինն ամիսները ևս առանձնապես աչքի չեն ընկնում։ Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը այդքան ջերմեռանդորեն խոսում է Հայաստանից մեկնածների ու Հայաստան եկածների տարբերության մասին։ Այլ ցուցանիշների գծով առանձնապես հպարտանալու բան չկա։ Եթե անգամ դու ՀՀ հպարտ քաղաքացիների հպարտ առաջնորդն ես ու ամենաառաջինն ես արել քո քայլը։

Հ.Գ. Իր այս քաղաքականությամբ, իսկ որ ավելի ճիշտ է՝ դրա բացակայությամբ Նիկոլ Փաշինյանը վտանգում է ոչ միայն Հայաստանի առաջընթացը, այլ իր իսկ իշխանությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործում է ընդդեմ հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի։