Այսօր «Էմիրեյթս» մարզադաշտում տեղի կունենա Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը․ լոնդոնյան դերբում կմրցեն «Արսենալն» ու «Չելսին»: Այս պահին «Արսենալը» 41 միավորով եզրափակում է լավագույն հնգյակը, իսկ «Չելսին»՝ 47 միավորով 4-րդ հորիզոնականում է գտնվում: Վերջին շրջանում Ունայ Էմերիի գլխավորած թիմը անկայուն խաղ է ցուցադրում, ինչի գլխավոր պատճառը կադրային խնդիրներն են: 22-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով զիջել էր լոնդոնյան մեկ այլ թիմի՝ «Վեսթ Հեմին»: Մինչ այդ 4:1 հաշվով առավելության էր հասել «Ֆուլհեմի» նկատմամբ: 20-րդ տուրում էլ «Արսենալը» 5:1 հաշվով պարտվել էր «Լիվերպուլին»:

Այսօր «Չելսիին» զիջելու դեպքում Էմերիի ֆուտբոլիստները կհայտնվեն բավական ծանր իրավիճակում: Մասնավորապես «Չելսին» կունենա 50 միավոր, իսկ «Արսենալը» գործնականում դուրս կմնա լավագույն քառյակում հայտնվելու պայքարից: Այս պահին 41 միավոր ունի նաև «Մանչեսթեր Յունայթեդը», որն ի տարբերություն «Արսենալի» նորվեգացի մասնագետ Օլե Գունար Սուլշերի գլխավորությամբ ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում: Այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցելու է «Բրայթոնի» հետ և մեծ է հավանականությունը, որ Սուլշերի թիմը 7-րդ անընդմեջ հաղթանակը կտանի՝ սահմանելով նոր ռեկորդ: Վերլուծելով «Արսենալի» վերջին հանդիպումները կարող ենք ասել, որ Էմերիի թիմում կաղում է հատկապես միջին օղակը: Ավելի ստույգ հարձակվողներ Օբամեյանգը և Լակազետը շարունակ կտրվում են խաղից ինչի հետևանքով էլ «Արսենալի» գրոհները այնքան էլ վտանգավոր չեն ստացվում: Հենակետային գոտում Ջական, Տորեյրան և Գենդուզին կարծես վատ չեն գործում, բայց նրանք ի զորու չեն արդյունավետ կերպով կասեցնել մրցակցի գրոհները և միաժամանակ շարժվել դեպի մրցակցի տուգանային հրապարակը: Կարծում ենք ակնհայտ է, որ Հենրիխ Մխիթարյանի վնասվածքից հետո հատկապես «Արսենալի» խաղային եզրերը զգալի անկում են ապրել: Մխիթարյանի փոխարեն Էմերին փորձում է օգտագործել Մայթլենդ-Նայլսին, բայց վերջինս դեռևս պատրաստ չէ խաղն իր վրա վերցնել և դառնալ համակարգի մի մասնիկը: Մեկ այլ եզրային կիսապաշտպան Իվոբին ոչ միշտ է աչքի ընկնում կայուն խաղով:

Նույնը կարելի է ասել կենտոնական կիսապաշտպան Մեսութ Օզիլի մասին, որը ընթացիկ մրցաշրջանում ուղղակի տապալվում է: «Արսենալի» մեկ այլ առանցքային կիսապաշտպան Աարոն Ռեմսին մեկ ոտոքով արդեն «Յուվենտուսում» է և նրա հետո հույսեր կապել ուղղակի չի կարելի: Այս դիտարկումները կրկին անգամ վկայում են, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագն այս պահին օդի և ջրի պես պետք է «Արսենալին» և մասնավորապես Էմերիին: Առկա իրավիճակը կարծես փարատում է այն խոսակցությունները, որոնց համաձայն հայ կիսապաշտպանը կարող է հեռանալ լոնդոնյան թիմից: Այո, «Արսենալին» այսօր անհրաժեշտ է նոր կիսապաշտպան, բայց դա չի նշանակում, որ օրինակ Դենիս Սուարեսի գալուստը կարող է խանգարել Մխիթարյանին: Նախօրեին «Արսենալի» պաշտոնական կայքը տեղեկություն էր տարածել, որի համաձայն Հենրիխ Մխիթարյանը հաջորդ շաբաթ կսկսի մարզվել ամբողջական ծրագրով:

Կա հավանականություն, որ ֆուտբոլիստը կմասնակցի փետրվարի 3-ին կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» հետ մրցավեճին: Այս մասին գրում են նաև բրիտանական ԶԼՄ-ները ինչը նշանակում է, որ մոտ ապագայում Մխիթարյանի տրանսֆերի մասին խոսք լինել չի կարող: Մինչև Մխիթարյանի վերադարձը Էմերիի թիմին անհրաժեշտ է դիմակայել 2 կարևորագույն մրցավեճերում: Այսօր տեղի ունենալիք դերբիից հետո «Արսենալը» հունվարի 25-ին Էմերիեյթս մարզադաշտում Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում մրցելու է «Մանչեսթր Յունայթեդի» հետ: Պրեմիեր լիգայում լոնդոնյան թիմը հաջորդ խաղն անց է կացնելու հունվարի 29-ին կրկին «Էմերեյթս» մարզդաշտում հյուրընկալով «Քարդիֆին»: Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել անցյալ տարվա դեկտեմբերին՝ «Տոտենհեմի» հետ գավաթային հանդիպման ժամանակ: Մեր ֆուտբոլիստը կոտրվածք էր ստացել ոտնաթաթի հատվածում:

Ինչևէ այսօր կայանալիք «Արսենալ»-«Չելսի» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 21:30-ին: