Երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է կառավարության կառուցվածքային փոփոխություններին։ Վարչապետը, թերևս, գիտակցում է, որ այս թեման խորհրդարանի առաջիկա ընտրություններում առաջնային է դառնալու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոնցեպտուալ ընդդիմության դիրքերից հանդես եկող «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սուպերվարչապետական համակարգի չեղարկման խնդիրն իր համար առաջնային է համարում։

Երեկ թեմային անդրադարձել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ քաղաքական ու մասնագիտական առումով հանդես գալով խիստ վիճահարույց թեզերով։ Եթե ևս մեկ անգամ չկրկնենք Միրզոյանի ասածները, ապա նրա հիմնական ասելիքը հանգում էր նրան, որ կառավարության առաջիկա կառուցվածքային փոփոխություններով սուպերվարչապետական համակարգը չի վերանալու։

Թվում էր՝ երեկոյան Նիկոլ Փաշինյանը լուծումներ ու բանաձևեր է առաջարկելու, մանավանդ, որ դրանք բխում են հեղափոխության օրակարգից ու համատեքստից։

Մեր սպասելիքները, մեղմ ասած՝ չարդարացան։

Վարչապետը շուրջ քառասուն րոպեների ընթացում այդպես էլ չանդրադարձավ, մեր կարծիքով, հիմնական մի քանի հարցերի։

Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը դեռ օգոստոս ամսից խոսել է կառավարության կառուցվածքի օպտիմալացման մասին ու առնվազն տարակուսելի է, որ պատրաստի նախագիծ, համենայն դեպս՝ խորհրդարանում քննարկելու մակարդակի, դեռևս չկա։ Ու այս անհեթեթ վիճակը հանգեցնելու է նրան, որ կիրակի օրն արդեն ունենալու ենք կառավարություն՝ առանց դրա նոր կառուցվածքի հաստատման։ Ու ստացվելու է, որ անորոշ ժամանակով դե յուրե գործելու են դե ֆակտո արդեն գոյություն չունեցող նախարարություններ։

Ինչո՞վ է զբաղված եղել կառավարությունն անցած ամիսներին, ինչո՞ւ է վիժեցրել կարևոր այս բարեփոխման նախապատրաստումը, արդյո՞ք սրանից չենք կարող եզրակացնել, որ փոփոխությունները չունեն ինստիտուցիոնալ հենք ու, ըստ էության, հարամարեցված են լինելու սուպերնախարարների կարագավիճակում վերանշանակված կոնկրետ մարդկանց։ Թեև այս հարցերն ամենևին էլ հռետորական չեն, այնուամենյանիվ՝ չենք ուզում դրանց սպառիչ պատասխաններ տալ՝ հետևությունները թողնելով մեր ընթերցողներին։

Երեկ Նիկոլ Փաշինյանը բերում էր ինչ-որ թվեր, խոսում էր միջազգային փորձի մասին, ընդ որում՝ միակողմանի օրինակներով, սակայն այդպես էլ շրջանցեց ամենակարևոր թեման՝ արդյո՞ք կառուցվածքային փոփոխոթյունները միտված են լինելու սուպերվարչապետական համակարգի վերացմանը։

Այս հարցը վարչապետի կողմից շրջանցվեց, սակայն ենթատեքստում ակնհայտ դարձավ, որ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը շարունակելու են գործել խորհրդարանական վերահսկողությունից դուրս, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, չի չեղարկում այն արատավոր համակարգը, որի հիմքերը դրվել են Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին՝ զարգացում ապրելով Սերժ Սարգսյանի պաշտոնավաևրման շրջանում։

Եթե կառավարման խորհրդարանական համակարգում ուժային կառույցները, հարկային ու մաքսային մարմինները գտնվում են խորհրդարանական համակարգից դուրս, ապա անիմաստ է խոել կառուցվածքային փոփոխությունների մասին։ Հայաստանում ինստիտուցիոնալ մակարդակում շարունակում է պահպանվել ավտորիտար կառավարման ռեստավրացիայի վտանգը, ինչն ինքնաբերաբար ենթադրում է, որ ոչ թե խորհրդարանանն է վերահսկելու գործադիր իշխանությանը, այլ՝ հակառակը։

Նման համակարգի ճգնաժամը 2018-ի գարնանը հանգեցրեց թավշյա հեղափոխության, սակայն դրա առաջնորդներն իրենց իշխանությունը կառուցում են հին Հայաստանին բնորոշ ինստիտուցիոնալ հիմքերով։