Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: «Դատարանը Ռ. Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարաձգեց, իսկ գրավ կիրառելու՝ պաշտպանների միջնորդությունը մերժեց»,- լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը:
Դատարանի որոշմանն անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը՝ ասելով, որ դատարանի որոշումը և հիմնավորումները դեռ չեն տեսել: «Մեկ վերաքննիչ բողոք արդեն մուտք է եղել դատարան, ևս մեկը սեղմ ժամկետում մուտք կլինի, երբ կստանանք որոշումը, որպեսզի հնարավորություն ունենք փաստարկված ներկայացնել»,- ասաց նա: