Քրեական հեղինակություն համարվող Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի եւ նրա ընկերոջ՝ Գարեգին Իսկանդարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց եւ քրեական գործը կարճվեց։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը՝ նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ։
Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հրաժարվեց այլ տեղեկություն տրամադրել՝ նշելով, որ դռնփակ դատական նիստ է անցկացվել։
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում Մամիկոն Բագրատունին հաղորդում էր տվել, որ 2017 թվականի հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում մի սուպերմարկետի մոտից «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանը և մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով առևանգել են իրեն, տեղափոխել Վարդանյանին պատկանող Արցախի փողոցի մի շինություն, տևական ժամանակ իր կամքին հակառակ պահել այնտեղ, ծեծի ենթարկել ու մարմնական վնասվածքներ պատճառել։