Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի քննությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
«Դատական նիստն ավարտվեց, պաշտպանական և մեղադրող կողմը ներկայացրեցին իրենց բողոքները և առարկությունները: Դատարանը խորհրդակցական սենյակ դեռ չի հեռացել որոշում կայացնելու: Դատական նիստը կկայանա հունվարի 25-ին` ժամը 16:00-ին»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ պաշտպանական կողմը հավելյալ տեղեկություն նիստի վերաբերյալ չի կարող տրամադրել, այն միայն կարող են ներկայացնել վերջնական դատական ակտի կայացումից հետո:
Արմեն Գևորգյանը տեղեկացրեց, որ դատական նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով:
«Ներկայացրեցի այն բոլոր հանգամանքները, որոնք վկայում են այն մասին, որ ներկայացված մեղադրանքը անհիմն է և խնդրեցի կողմերին ամեն ինչ անել, որպեսզի գործը անաչառության, օբյեկտիվության և հանգիստ մթնոլորտում քննվի»,- եզրափակեց Գևորգյանը: