Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Մամեդյարովի հանդիպման արդյունքում Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ նշվում է քննարկված հարցերի շրջանակն, ու այստեղ կա մի հետաքիքր պարբերություն: Ըստ դրա, համանախագահներն ընդգծել են հնարավոր փոխշահավետ նախաձեռնությունների կարեւորությունը՝ ուղղված տարածաշրջանի տնտեսական ներուժի իրականացմանը:

Ինչ է նշանակում պարբերությունը, մանրամասներ չկան, սակայն հաղորդագրությունն աննախադեպ է, կամ համենայն դեպս խիստ հազվադեպ, երբ արտգործնախարարների մակարդակով հանդիպման արդյունքում արված հայտարարության մեջ համանախագահները հայտնում են ռեգիոնալ տնտեսական ներուժի իրացման համատեղ նախագծերի կարեւորության մասին:

Ընդ որում, հատկանշական է մասնավորապես նաեւ այն, որ դա չի շաղկապվում այսպես ասած կարգավորման որեւէ համաձայնության հետ:

Հանգամանքը անշուշտ հետաքրքիր է, հաշվի առնելով նաեւ այն, որ մոտեցումը սկզբունքորեն հնարավոր է դիտարկել Հայաստանի «հեղինակային իրավունքի» ներքո: Բանն այն է, որ Երեւանը, անկախ քաղաքական հակամարտությունից, տնտեսական համատեղ նախաձեռնությունների համադրող քաղաքականության մասին տեսակետ արտահայտել է դեռեւս Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում:

Քոչարյանն ասել էր, որ քաղաքական բարդ հակադրության պայմաններում հնարավոր է փորձարկել իրավիճակը լիցքաթափելու եւ կայունությունն ապահովելու տնտեսական մեթոդաբանություն, երբ կողմերը փորձում են միջնորդների օգնությամբ բարդ քաղաքական եւ գրեթե անհամադրելի հարցերի փոխարեն շփման ու համաձայնության եզրեր գտնել ռեգիոնալ համատեղ տնտեսական հարաբերությունների հարցում:

Այլ կերպ ասած՝ ռազմա-քաղաքական կոնֆլիկտը կա, սակայն չնայած դրան՝ Հայաստանն ու Ադրբեջանը, Արցախն ու Ադրբեջանը հարաբերվում են տնտեսապես:

Սակայն Երեւանի այդ մոտեցումը Բաքուն բնականաբար մերժեց, միանգամայն հասկանալի պատճառով: Բանն այն է, որ Ադրբեջանը որդեգրել է խորքային այլ քաղաքականություն, համենայն դեպս մինչ այժմ: Դրա առանցքային սյուներից մեկը լիակատար մերժողականությունն ու հետեւողական հայատյացությունն է Ադրբեջանի հանրության շրջանում: Ավելին, թերեւս չափազանցություն չի լինի ասել, որ Ադրբեջանը իր պետական ու այսպես ասած ազգային ինքնության առանցք կամ առանցքային մասերից մեկն է դիտարկում իր այդ քաղաքականությունն Արցախի հարցում:

Ի դեպ, այդ հանգամանքը անհրաժեշտ է դիտարկել Հայաստանի ռազմավարական մոտեցումները մշակելու առումով, դուրս գալու համար պատրանքից, թե Ադրբեջանը հակված է փոխզիջումային կարգավորման:

Հետեւաբար, Բաքուն չէր կարող գնալ տնտեսական գործակցության մոդելին, ու Երեւանի առաջարկը փաստացի մերժվեց:

Հիմա, տարիներ անց համանախագահները նախարարների հետ հանդիպումից հետո խոսում են ռեգիոնալ տնտեսական ներուժի իրացմանը նպաստող համատեղ նախաձեռնությունների կարեւորության մասին:

Արդյոք նոր իրողությունների պարագայում համանախագահները փորձում են շոշափել տրամադրությունները նոր մեթոդաբանության համար, որով հնարավոր կլինի առավել արդյունավետ կառավարել առկա ստատուս-քվոն եւ կողմերի դիրքորոշումների ռազմավարական իրարամերժությունը:

Ադրբեջանը պատրա՞ստ է նահանջել գերկարծր դիրքորոշումից եւ անցնել տնտեսական քննարկումների, քաղաքական հակադրության առկայության պայմաններում, շրջանցելով այդ հակադրությունը: Ադրբեջանը համենայն դեպս առայժմ չի դրսեւորել այդպիսի պատրաստակամության նշաններ, որքան էլ իհարկե վերջին շրջանում հռետորաբանության որոշակի մեղմացում նկատելի է: Այդուհանդերձ, այստեղ խնդիրը մեղմացումը չէ, քանի որ առաջարկվողը կամ շոշափվողը սկզբունքորեն այլ մոտեցում եւ վարքագիծ, այլ փիլիսոփայություն ենթադրող իրողություն է: Ու դա այն դեպքում, երբ Ադրբեջանի մոտեցման հիմքում է նաեւ Հայաստանի ռեգիոնալ մեկուսացումը, ռեգիոնալ տնտեսական ներուժը Հայաստանի համար անհասանելի դարձնելը:

Ինչի՞ մասին են այդ դեպքում խոսում համանախագահները: Թեեւ խոսում են անշուշտ կարեւոր խնդրի մասին: Արդյոք նրանք պատրաստ են օժանդակել Հայաստանին ռեգիոնալ տնտեսական ներուժի իրացման հարցում, ինչը ենթադրում է ներդրումներ ռեգիոնալ նշանակության նախագծերում, Բաքվին ցույց տալով, որ մերժելն անիմաստ է, մնում է համակերպվել: Ի դեպ, այդ տեսանկյունից խիստ հետաքրքիր է, որ Եվրամիությունն օրերս հայտարարեց Համաշխարհային բանկի հետ 13 միլիարդ ենթակառուցվածքային ներդրումային խոշոր ծրագրի մասին, որից 700 միլիոնը նախատեսվում է ներդնել Հայաստանում՝ Իրանից Վրաստանի սահման ճանապարհային ենթակառուցվածքներում եւ Իրանի հետ սահմանային անցակետի արդիականացման գործում: