ԲՀԿ-ն կառավարության կառուցվածքի փոփոխության մասին տեսակետ կհայտնի այն ժամանակ, երբ նախագիծը գա խորհրդարան, լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Կառավարության կառուցվածքի փոփոխությունները դեռ քննարկվում են, և ինձ հասած տեղեկություններով, որոշակի փոփոխություններ դեռևս լինելու են: Ես քանիցս ասել եմ, որ քաղաքականության մեջ Կիկոսի մահը իմ նախընտրած ժանրը չէ, ես չեմ կարող գնահատական տալ մի փաստաթղթի մասին, որ ես չեմ տեսել»,- ասաց նա:
Ըստ Զոհրաբյանի՝ ինքը ծանր է տանում մշակույթի նախարարության խնդիրը:
«Հայաստանի ամենամրցունակ բրենդը ես համարում եմ մշակույթը: Ես իհարկե հասկանում եմ, որ մեր նախկին մշակույթի նախարարները չեն կարողացել ճիշտ կազմակերպել աշխատանքը, և մշակույթի նախարարի աշխատանքը վերածվել է այս կամ այն հանգուցյալ մտավորականի պանիխիդայի մենյուն կազմելուն: Միգուցե սա է պատճառը, որ թյուր ընկալում կա՝ արդյոք մեզ պետք է մշակույթի նախարարությու, թե ոչ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է սուպերվարչապետության համակարգին, Նաիրա Զոհրաբյանը կրկնեց, որ իրենց բոլոր մտահոգությունները կհնչնեն, երբ խորհրդարանում կներկայացվի նախագիծը: