Հունվարի 16-ին Փարիզում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Հանդիպումից մի քանի օր առաջ Երեւանում էր Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, որը հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին: Հանդիպման վերաբերյալ տարածված հաղորդագրությունում նշված է, որ կողմերը վերահաստատել են, որ խաղաղությունն առաջնահերթ նպատակ է, սակայն դա չպետք է գնահատվի որպես վճռականության բացակայություն:

Փարիզում նախարարների հանդիպումից առաջ այսօրինակ վերահաստատումը նման է հայկական կողմի համար հրամայականի: Եթե մինչեւ հիմա Ադրբեջանն ակտիվորեն սպեկուլյացիաների էր ենթարկում խաղաղության պահպանման Հայաստանի ձգտումը, ապա հիմա հայկական կողմերը ասում են, որ այլեւս չեն ենթարկվելու ռազմական շանտաժին:

Մնացականյանի հետ հանդիպումից հետո Մասիս Մայիլյանը Ստեփանակերտում մամուլի ասուլիս է հրավիրել, որտեղ սահմանել է «կարմիր գծերը»: ԱԳՆ ղեկավարն ընդգծել է 2016 թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը՝ ուղղված շփման գծում կայունության պահպանմանն ու կարգավորման գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը։ Նա նշել է, որ Արցախը միակողմանիորեն ներդրել է շփման գծի մշտադիտարկման տեսանկարահանման համակարգ, որը կարող է մաս կազմել հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմի։

Կարգավորման գործընթացում արդյունավետության ապահովման առումով Մասիս Մայիլյանն ընդգծել է բանակցային սեղանին պաշտոնական Ստեփանակերտի՝ որպես լիիրավ կողմ մասնակցության վերականգնման անհրաժեշտությունը՝ բանակցություններում առաջընթաց ապահովելու և հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու համար։ Այս համատեքստում նա կարևորել է այն հանգամանքը, որ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՀՀ դիրքորոշումն ավելի է հստակեցվել, մասնավորապես՝ բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտության շուրջ, և լիովին համընկնում է Արցախի իշխանությունների մոտեցումներին։ ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ դե յուրե ստանձնել տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու համար պատասխանատվության իրենց բաժինը։

Արցախի նախարարը շատ կարեւոր առաջարկ է արել: Ստեփանակերտը, փաստացի, առաջարկում է սահմանին տեղադրված տեսադիտարկման համակարգերն օգտագործել որպես մոնիտորինգի մեխանիզմի մաս, որի մասին խոսվել է Վիեննայում: Սա հստակ առաջարկ է, որից հրաժարվելը կարող է գնահատվել որպես խաղաղ նախաձեռնությունների մերժում: Բացի այդ, Մասիս Մայիլյանն ասում է, որ Արցախը պատրաստ է իր վրա վերցնել տարածաշրջանում կայունության համար պատասխանատվության իր բաժինը, եւ սահմանին տեսադիտարկման համակարգը կարող է դառնալ Արցախի առաջին ավանդը:

Այս առնչությամբ կարեւոր է, թե ինչպես են միջնորդները, մասնավորապես, Ռուսաստանը վերաբերվում Արցախի առաջարկին:

Մոսկվան նոտա է ուղարկել Ադրբեջանի դեսպանատուն այդ երկրի օդանավակայաններում Ռուսաստանի քաղաքացիների հանդեպ խտրական վերաբերմունքի կապակցությամբ: Դրանից առաջ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ անթույլատրելի է արգելել հայկական ծագմամբ Ռուսաստանի քաղաքացիների գտնվելն Ադրբեջանի տարածքում: Բաքվում դա ընկալել են որպես Մոսկվայի ոչ բարեկամական քայլ բանակցություններից առաջ:

Մոսկվան Հայաստանում հեղափոխությունից հետո չի արտահայտել իր դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում: Պաշտոնական Երեւանը փոխել է դիրքորոշումը, եւ ինչպես նշում է Մասիս Մայիլյանը, այն ավելի հստակ է դարձել: Սակայն, ինչպես նկատում է Մարգարիտա Քարամյանը, քանի դեռ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նախկին ԼՂԻՄ հետ միասին, Հայաստանի ձեռքերը կապված են, եւ բանակցությունները չեն կարող շարժվել մեռյալ կետից:

Հայաստանի ու Արցախի ԱԳՆ-երի խորհրդակցությունները կհանգեցնե՞ն որոշակի քայլերի, որոնք կփոխեն ղարաբաղյան կարգավորման արատավոր հիմքը, որը դրվել է 1990-ականների սկզբին Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ: