ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, որից հետո թվիթերյան գրառում է արել այն մասին, որ քննարկել են տնտեսական գործակցության հեռանկարները: Թրամփը գրել է, որ կան հրաշալի հեռանկարներ: Այդ գրառումը հետաքրքիր է հատկապես նրանով, որ նախօրեին նույն ԱՄՆ նախագահը թվիթերյան գրառում էր արել Թուրքիայի տնտեսությունը կործանելու մասին՝ եթե Անկարան հարվածի Սիրիայի քրդերին: Թրամփը իհարկե նաեւ քրդերին էր հորդորել սադրանքների տեղիք չտալ:

Ի՞նչ են խոսել Էրդողանն ու Թրամփը, եւ արդյոք ԱՄՆ նախագահը ստացել է Թուրքիայի նախագահի երաշխիքը, որ Անկարան Սիրիայում չի հարվածի քրդերին: Բանն այն է, որ այդ վտանգը ուժգնացել է Սիրիայից զորքը դուրս բերելու մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո: Տարեմուտից առաջ նախագահ Թրամփը հայտարարեց, որ դուրս են բերում 2000-անոց կոնտինգենտը:

Դա անպաշտպան է թողնում քրդերին, որոնք սկսեցին գործակցության եզր փնտրել Սիրիայի կառավարության հետ: Սիրիայից զորքը դուրս բերելու հայտարարությամբ ԱՄՆ նախագահը սիրիական խնդրում փաստացի խթանեց որոշակի աշխույժ նոր զարգացումներ, հատկապես Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռանկյունում: Այստեղ ընդդիմություն չեղավ Թրամփի որոշմանը, հավանաբար ակնկալիքով, որ «դատարկ« տեղը կլրացնեն իրենք: Արդյոք Թրամփի հաշվարկն էլ այն էր, որ զորքի դուրսբերումը կամ առնվազն դրա այսպես ասած գործընթացի մեկնարկը կարող է որոշակի հակադրություններ առաջացնել Աստանայի գործընթացի երեք կողմերի՝ Անկարայի, Մոսկվայի ու Թեհրանի միջեւ:

Օրերս տեղեկություն եղավ, որ առաջիկայում Ռուսաստան է պատրաստվում այցելել Էրդողանը, որը Պուտինի հետ կքննարկի Սիրիայի հարցը: Մինչ այդ եղել էր հեռախոսազրույց նրանց միջեւ: Ռուսաստան այցից առաջ Ուկրաինայից եղավ տեղեկություն, որ Կիեւն Անկարայից ձեռք է բերում նորագույն հարվածային անօդաչուներ: Պատկերացնելի է, թե ինչպիսի ընկալում կունենա այդ տեղեկությունը Ռուսաստանում:

Այդ ֆոնին հատկանշական էր, որ ԱՄՆ նախագահը քրդերին չհարվածելու երախիք պահանջելով` սպառնաց Էրդողանին ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը: Ռուսաստան այցելել պատրաստվող Թուրքիայի նախագահի համար այդ սպառնալիքը իհարկե թուլացնող ուղեկցորդ կարող էր լինել, մինչդեռ Էրդողանն ըստ երեւույթին ԱՄՆ զորքի դուրսբերումը կփորձի օգտագործել ՌԴ հանդեպ առավելության հասնելու համար:

Թրամփն իր հայտարարությամբ թերեւս փորձեց թույլ չտալ ռուս-թուրքական բալանսի խախտում հօգուտ Անկարայի: Այդ հանգամանքն էլ իր հերթին կարող է դրական ազդեցություն թողնել արցախյան խնդրում բալանսի վրա, քանի որ հօգուտ Անկարայի ռուս-թուրքական բալանսի խախտման այսպես ասած արատավոր էֆեկտի տարածման տիրույթներից մեկը եւ գուցե առաջին տիրույթներից մեկը անկասկած արցախյան խնդիրն է, որտեղ ՌԴ հանդեպ թուրքական բոնուսներից անմիջապես փորձում է օգտվել Ադրբեջանը, ընդ որում երկու կողմից՝ թե Թուրքիայի, թե Ռուսաստանի:

Այդ առումով, հավասարակշռության պահպանման հանգամանքը առօրյա ռեժիմում կարեւոր է հունվարի 16-ին Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների սպասվող հանդիպմանն ընդառաջ, որը լինելու է հերթականն ու ներառելու է աշխատանք, որից կախված կլինի Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպման կազմակերպումը:

Այդ իմաստով, Սիրիայի իրադրությունն անշուշտ կարեւոր բալանսավորում է նաեւ արցախյան խնդրում, եւ այդ տեսանկյունից իհարկե հետաքրքիր է, թե ինչ փուլում է Սիրիա հայկական մարդասիրական առաքելության հարցը: Առաքելությունը գործելու է Հալեպի հայկական շրջանում եւ մարդասիրական աջակցություն է ցուցաբերելու այդ շրջանում գտնվող հայերին, բայց իհարկե ոչ միայն հայերին:

Անշուշտ, առաքելությունը պետք է նախապատրաստվի ամենայն մանրամասնությամբ, անվտանգության երաշխիքների, նաեւ քաղաքական արդյունքի տեսանկյունից: Հայտնի է, որ այն իրականացվելու է Սիրիայի կառավարության հրավերով եւ Ռուսաստանի հետ գործակցված: ԱՄՆ այդ կապակցությամբ հայտարարեց, որ դրա մարդասիրական բնույթը հասկանալի է, սակայն հստակ սահմանագծվեց՝ որ վտանգավոր կլինի ռազմական գործողությունների հետ առնչությունը: Հայաստանը հայտարարել է, որ առաքելությունը կրելու է բացառապես մարդասիրական բնույթ:

Այդ ամենն իհարկե մինչեւ Սիրիայից զորքը դուրս բերելու Թրամփի հայտարարությունն էր: Հայտարարությունից հետո իրավիճակը հայտնվել է հետաքրքիր զարգացման փուլում, առավել եւս, որ օրերս էլ ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն Եգիպտոսում հայտարարել էր, թե ԱՄՆ դեմ չէ Սիրիայի քաղաքական կարգավորումներում Ասադի ներգրավվածությանը: