Բողոքի ակցիա է ընթանում Արամի 23 հասցեի պատմական հուշարձան շենքի մոտ, որտեղ երեկ երեկոյան փլուզվել է շենքի պատերից մեկը: Շենքը, որտեղ գործում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» խումբը, ըստ ղեկավար Տիգրան Հեքեքյանի, հոկտեմբերից հետո չի աշխատում, հրաժարվել են գործուղումներից ու համերգից, որովհետև «չգիտեն` ինչ է լինելու իրենց վիճակը»:
«Մեզ այնպիսի պատասխաններ էին ուղարկում, որ թվում էր, թե կա՛մ հայերեն լավ չգիտեն, կա՛մ մտավոր խնդիր ունեն, որովհետև մենք մի հարց էինք տալիս, իրենք մի ուրիշ բան էին պատասխանում: Վարչապետի այցից հետո պարոն Էլոյանը երկու ժամ առաջ եկավ ու փոխնախարար Տիգրան Գալստյանի ներկայությամբ առաջարկեց տարբերակ, լուծում: Հենց փլված պատի վրա նկարեց, ասացի, որ մենք համաձայն ենք, Էլոյանն ասաց, որ 3 օրում դա նախագիծ կլինի, բայց մի հատ հաշվեք, թե քանի օր է անցել»,- ասաց Տիգրան Հեքեքյանը:
Ըստ նրա՝ «միայն տգետը կքանդեր պատն այդպես», ինչը նշանակում է, որ պատը միտումնավոր էր քանդվել:
Նա ասաց, որ իրենք զգուշացնում էին, որ պատը քանդվելու է, դա բոլորին էր ակնհայտ: «Խո՞ւլ են... Կարող է գա մի տեխնիկա, կանգնի այստեղ, դա էլ փլուզվի: Ոչ ոք ինձ հետ չի ուզում հանդիպել, հանդիպեն՝ ի՞նչ ասեն, որ հրահանգ կա, համարձակություն չունեն... Երեխեքը մնացել են դուրսը, իրենք հյուրանոց են ստեղ սարքում: Սա ներկայիս իշխանությունների համար փորձաքար է, իրենք իվիճակի են այս փոքր հարցը լուծել: Ժողովրդի 80 տոկոսի աջակցությունը ստացած իշխանությունը կարող է լուծել մի հարց, որ այստեղ ուզում են հյուրանոց սարքեր, բայց ասում էին, թե սա «Հին Երևանն» է»:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը այցելել էր դեպքի վայր ու ասել, որ միջոցներ կձեռնարկեն շենքը վերականգնելու համար։ Իսկ այսօր՝ քիչ առաջ, մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանն ասել է, որ շենքը վթարային է դարձել անմիջապես հարակից հողակտորում ստորգետնյա ավտոկայանատեղիի համար փորված փոսորակի հետևանքով, իսկ ստորգետնյա ավտոկայանատեղիի շինթույլտվությունը տվել է Երևանի քաղաքապետարանը (Տարոն Մարգարյանի ժամանակ), և հետևաբար վթարային վիճակի համար պատասխանատու է Երևանի քաղաքապետարանը: