PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանն, անդրադառնալով թիվ 0038 հրամանի՝ «հուզական դաշտում անընդհատ շոշափելուն», հայտարարել է, որ հրամանը որևէ խնդիր, հակասահմանդրական իրավիճակ ինքն իրենով չի առաջացնում։
«Ընդհակառակը. 0038 հրամանի արդյունքում կանխվել է բանակի ներգրավվածությունը, ներքաշումն օրեր շարունակ տևող ցույցերին։ Հստակ տվյալներ են եղել, որ բանակի ներսում աշխատանքներ են տարվում, որպեսզի զինվորականներին նույնպես բերեն Ազատության հրապարակ, նրանք էլ մասնակցեն այդ քաղաքական պրոցեսներին»,-ասել է Ալումյանը, հայտնում է Panorama.am-ը:
« Հստակ կարող եմ ասել, ու երբ դուք էլ դրա ամբողջ տեքստը կունենաք, դուք էլ կհամոզվեք, 0038 հրամանը որևէ հակասահմանդրական կամ հակաօրինական իրավիճակ չի ստեղծել, որևէ բացասական արդյունքներ չի առաջացրել։ Եվ դուք հստակ պետք է պատկերացնեք, որ թիվ 0038 հրամանն ու մարտի 1-ի դեպքերն ընդհանրապես իրար հետ փոխկապակցված չեն»,-հավելել է նա։
Այս առումով նա առաջարկել է դիտարկել 2008-ի այդ օրերի խրոնոլագիան՝ փետրվարի 19-ին կայացել են ընտրություններ, փետրվարի 20-ին, 21-ին ներկայացվել են նախանական արդյունքները, որից հետո պարտված թեկնածուն իր համախոհների ու շատ-շատ մարդկանց հետ միասին դուրս են եկել Ազատության հրապարակ։
«Այդ թեկնածուն հայտարարել է, որ ինքն է հաղթել ընտրություններում և պետք է կազմաքանդել ռեժիմը, այսինքն, 2008, 2009 և հետագայում գոյություն ունեցող իշխանությունները։ Այդ ամենը նա արել է՝ զուգահեռաբար դիմելով ՍԴ։ Ցույցերը տևել են օրեր շարունակ, և որևէ մեկը մինչև մարտի 1-ը չի խոչընդոտել դրանց իրականացմանը»,ասել է փաստաբանը։
Նա հավելել է, որ հետզհետե սկսել են ստացվել շատ մտահոգիչ տեղեկություններ, որ որոշ մարդիկ փորձում են այնպես անել, որ բանակը ներքաշեն այս գործընթացներում, որ զինվորականները գան հրապարակ ու իրենց զենքը շրջեն իշխանությունների դեմ։
«Հիմա տեսեք խնդիրը, կան նման տվյալներ, կան պաշտպանության երկու փոխնախարարներ, որոնք բացահայտ հայտարարել են, որ միանում են ցուցարարներին, կա գործող զինվորական դատախազ, որ ցույց է անում Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ԵԿՄ-ում անընդհատ, գիշեր-ցերեկ բարձրաստիճան սպաների մասնակցությամբ քննարկումներ են ընթանում, միանալ ցուցարարներին խորագրով, դրա հետ մեկտեղ ստացվում են օպերատիվ տվյալներ, որ որոշ զորամասերում անձնակազմի հետ աշխատանքներ են տարվում, որպեսզի գան ու միանան ցուցարարներին։ Պատահականությո˚ւն էր, թե˚ ինչ, չգիտեմ, վերջերս այդ խռովարար փոխնախարարներից մեկը՝ Մելքոնյանը հարցազրույցում ասաց, որ այդ օրերին հատուկ գնդի 80 տոկոսը պատրաստ է եղել անցնել ցուցարարների կողմը։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ կարող էր նշանակել։ Համենայն դեպս նման վտանգ կար։ 0038 հրամանի նպատակն էր նման զարգացումներ թույլ չտալ։ Այդ հրամանն իր դերը կատարել է, իր նպատակին ծառայել է։ Հրամանը մարտի մեկի դեպքերի հետ որևէ կապ չունի, ես ուզում եմ, որ դա հստակ լինի բոլորի համար»,-ասել է Ալումյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ՀՀ երկրորդ նախագահը տեղյակ է եղել հրամանաից, փաստաբանը պատասխանել է. «Պարոն Քոչարյանը հրամանին ծանոթացել է այս քննության ընթացքում։ Բայց դա չի նշանակում, որ նա փորձում է իրեն հեռացնել այդ հրամանից։ Ուղղակի ուզում է բացատրել, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել։ Երբ նա ծանոթացավայդ հրամանին, ֆիքսեց, շատ նորմալ հրաման է, և որևէ արտառոց բան չկա այնտեղ։ Ուղղակի նման ընթացակարգ չկար, որ պաշտպանության նախարարը հրաման արձակեր, ապա ուղարկեր ՀՀ նախագահին՝ հաստատման կամ հավանության։ Այդպիսի բան չկա։ Պարոն Քոչարյանն ասաց, շատ պարզ կարելի է ստուգել նախագահական ելք ու մուտք եղած ցուցակից, որովհետև նախագահական չի կարող փաստաթուղք մտնել առանց համապատասխան գրանցման, և մարդ չի կարող մտնել առանց համապատասխան գրանցման։ Ամեն ինչ շատ հեշտ կարելիէ ստուգել։ Պարոն Քոչարյանին Միքայել Հարությունյանը զանգով տեղեկացրել է, որ ձեռնարկվել են բոլոր միջոցները, որ բանակի ներքաշումը էս պրոցեսներին կանխվի։ Թե ինչ միջոցներ են եղել, այդ պահին չի քննարկվել»։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Քոչարյանը պնդում է, թե ինքը ծանոթ չի եղել 0038 հրամանին: «Քոչարյանն այդ հրամանին ծանոթ չէ։ Գաղտնի հրամանի զուտ տեքստի հետ ծանոթ չէ։ Այսինքն՝ նախարարները չեն ուղարկում իրենց հրամանները նախագահի հետ համաձայնեցնելու, որովհետև եթե բոլոր նախարարները, նույնիսկ եթե միայն ուժային նախարարները ուղարկեին նախագահին համաձայնեցման կամ ընթերցման, ախա նախագահը ուրիշ այլ գործառույթ չէր կարողանա իրականացնել», - ասել էր Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց: