ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք գագաթնաժողովը։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Վայոց ձորի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«ՌԴ նախագահը մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկեց, որ քանի որ այսպիսի իրավիճակ է, ամսի 6-ի ՀԱՊԿ գագաթաժողովը չանենք, որպեսզի աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնանք, եւ ես համաձայնեցի, որովհետեւ կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է։ Քանի որ հիմա էլի կոնսենսուս չունենք, Աստանան կրկնելը իմաստ չունի եւ կառուցողական չէ։ Պայմանավորվածությունը հետեւյալն է, որ մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները, մինչեւ որեւէ կոնսենսուսի հասնելը»,– ասաց Փաշինյանը:

Վերջինս նշեց, որ քանի որ հիմա էլի քննարկումների արդյունքում պարզվեց, որ էլի կոնսենսուս չկա, Աստանայի պատկերը կրկնելն իմաստ չունի, դա կառուցողական չէ։ «Պայմանավորվածությունը հետևյալն է, որ մենք կշարունակենք աշխատանքային կարգով քննարկումները, մինչև որևէ կոնսենսուսային կարգով լուծումներ գտնենք»,–ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ռուսական RBK գործակալությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը ասել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը կայանալու է 2019 թվականին:

Երեկ, ՀՀ վարչապետի խոսնակ Արման Եղոյանը տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանը Սանկտ-Պետերբուրգ է մեկնելու դեկտեմբերի 6-ին` մասնակցելու ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին: