Ռուսաստանաբնակ գործարար Էդգար Արամյանը կպարգեւատրի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին (109 կգ) եւ արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանին (+109 կգ): Նա ծանրորդների նվերներ կհանձնի վաղը՝ նոյեմբերի 30-ին: Արարողությունը տեղի կունենա ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում:

Օլիմպիական արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի 2018 թ. առաջնության չեմպիոնի կոչումը նվաճեց նոյեմբերի 1-10 Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած աշխարհի 2018 թ. առաջնությունում: Վերջին անգամ ՀՀ հավաքականի կազմում ծանրամարտի աշխարհի չեմպիոն էր դարձել Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը 8 տարի առաջ՝ 2010 թ.: Օլիմպիական արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանն էլ Աշխաբադում արծաթե մեդալ նվաճեց:

Անցած տարի նույն գործարարն աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճելու համար նվերներ էր հանձնել հունահռոմեական ոճի ըմբիշներ օլիմպիական արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին (97 կգ) եւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին (82 կգ): Նա նրանց «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենաներ էր տվել: