PanARMENIAN.Net - «Հայաստանի Հանրապետական կուսակցության» համամասնական ընտրացուցակի 8-րդ համար Մարգարիտա Եսայանը CivilNet-ի եթերում ասել է, որ կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին չէր տեղեկացրել իր կուսակիցներին:
«Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին մենք (ՀՀԿ-ականները-խմբ.) նույնպես իմացանք մեդիայից: Նա հետո մեզ ասաց, որ հատուկ է մեզնից գաղտնի պահել, որ մենք չհամոզեինք իրեն հակառակում», - պատմել է Եսայանը:
Եսայանն ասել է, որ այդ օրն ինքը եղել է խոհրդարանում, հրաժարականից րոպեներ անց հայտնվել է Բաղրամյան պողոտայում Սարգսյանի հրաժարականը տոնող մարդկանց բազմության մեջ:
«Մարդիկ ինձ տեսնելով ասում էին՝ «վայ ՀՀԿ-ական», և գրկախառնվում էին ինձ հետ՝ շնորհավորելով ինձ: Այս ժամանակ իմ զգացողությունները երկակի էին՝ ես ուրախ էի, որ իմ ժողովուրդն ուրախ է, բայց մյուս կողմից ես մտածում էի, թե որքան սխալներ ենք մենք արել, որ այս մարդիկ այսքան ոգևորված են», - ասել է Եսայանը՝ հավելելով, որ հարգում է ժողովրդի ընտրությունը, «միևնույն ժամանակ նաև մտահոգ է»: