Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել իր բանկային հաշիվներից մեկի վրա առկա 30 միլիոն դոլար գումարն ամբողջությամբ վերադարձնել պետական բյուջե: Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Իջևանում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի բանկային հաշիվներից մեկի վրա 30 միլիոն դոլար ունենալու վերաբերյալ բազմիցս խոսվել է: Իմ ելույթից հետո Սերժ Սարգսյանի եղբայրը հայտարարություն էր արել, որ ինքը պատրաստ է այդ գումարի առնվազն մի մասը ինչ-որ նպատակների համար տրամադրել: Եվ ինձ ասում են, որ նա վերջերս պատրաստակամություն է հայտնել այդ ողջ 30 միլիոն դոլարը վերադարձնել պետական բյուջե»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ վերադարձված գումարները պետք է առաջին հերթին ծախսվեն զինված ուժերի վրա: