ՀՀ կրթության եւ գիտության նախկին փոխնախարար, Գիտությունների ազգային ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտի գիտաշխատող, բաժնի վարիչ, Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Արա Ավետիսյանն ԱԺ արտահերթ ընտրություններում՝ որպես ԱԺ պատգամավորի թեկնածու, առաջադրվել է Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակով, 29-րդ համարն է։ Սրանից զատ՝ նա նաեւ վարկանիշային ընտրակարգով է առաջադրել իր թեկնածությունը Երեւանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններում։ Սակայն նա այն մարդկանցից է, ով ժամանակին տուժել է հենց Հանրապետականի իշխանության շրջանում՝ զրկվելով պաշտոնից, եւ թվում է՝ պետք է նեղացած լիներ կուսակցությունից ու հրաժարվեր առաջադրվելուց։ Մենք կապվեցինք նրա հետ։

Հարցին, թե ինչու որոշեց ՀՀԿ-ի ցուցակով մասնակցել ԱԺ ընտրություններին, Արա Ավետիսյանը պատասխանեց՝ հիշեցնելով, որ ինքն ամենահին ՀՀԿ-ականներից է, ՀՀԿ-ին անդամակցել է 1995 թվականից, երբ այդ կուսակցությունը դեռ իշխանության չէր եկել։ Եվ, ըստ այդմ էլ, Արա Ավետիսյանն իրեն պատասխանատու է զգում ՀՀԿ-ի թե՛ լավ, թե՛ վատ գործերի համար։ «Հայաստանի անվտանգության, ապագայի հետ կապված իմ մտահոգությունը որպես քաղաքացիական պարտք խոսեց իմ մեջ, եւ ես որոշեցի առաջադրվել, որպեսզի իմ գիտելիքներով կարողանամ օգտակար լինել, եթե ընտրվեմ ԱԺ պատգամավոր»,- ասաց Արա Ավետիսյանը։ Հետաքրքրվեցինք, թե վստա՞հ է, որ այսքան կարճ ժամանակում մեր հասարակությունը կմոռանա ՀՀԿ-ի քսանամյա գործունեության հետեւանքները եւ իր քվեն կտա այդ կուսակցությանը։

«Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդն այնքան ողջամիտ է, որ կհիշի, ծանրութեթեւ կանի ՀՀԿ-ի գործունեության թե՛ լավ կողմերը, թե՛ վատ կողմերը, կգնահատի, կհամեմատի ստեղծված իրադրության հետ, ստեղծված իրադրությունից բխող եզրագիծը եւ քվե կտա ՀՀԿ-ին։ Ես կարծում եմ, որ վերջին քսան տարում, մի քիչ էլ ավելի, ՀՀԿ-ն ավելի շատ լավ բաներ է արել, քան թույլ է տվել սխալներ՝ իր հետեւանքներով»,- արձագանքեց մեր զրուցակիցը։ Եթե ԱԺ պատգամավոր էլ չընտրվի, ապա Արա Ավետիսյանը շարունակելու է զբաղվել գիտական գործունեությամբ։