Սպիտակում Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ անդրադարձավ ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի աղմուկ հանած հայտարարությանը: Մասնավորապես, Միքայելյանն ասել էր՝ մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, վախենում ասել` այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարեւոր էր, քան Արցախյան ազատամարտը: «Արցախյան ազատամարտում հաղթանակեցինք հայ քաջորդիների շնորհիվ, եւ այդ հաղթանակի արդյունքը պետք է տեսներ ժողովուրդը, որը նախորդ իշխանությունները չթույլատրեցին: Մեր ժողովուրդը չհասկացավ հաղթանակի գինը, ժողովուրդը չպատկերացրեց` ինչ մարդիկ ինչի համար գլուխը դրեցին զոհասեղանին: Այսօր եկել է ժամանակը, որ այդ ամենով գնանք դեպի փայլուն ապագա»,- ասել էր Միքայելյանը:

Նիկոլ Փաշինյանը Միքայելյանին քննադատողներին համեմատեց թփերի արանքում թաքնվող «գայիշնիկների» հետ, որոնք վարորդներին տուգանում են թեթեւ խախտումների համար:

«Որոշ հանրապետականներ՝ Շուշան Պետրոսյան եւ Արմեն Աշոտյան, ուշադիր լսեք... Արցախյան ազատամարտը որոշել են պաշտպանել Սասուն Միքայելյանից: Տո, ձեր քաշի չափ Սասուն Միքայելյանի մարմնում ասկոլկա կա: Դուք, որ երկար տարիներ բերաններդ ջուր առած՝ ղեկավարել եք բանակի թալանը, իսկ հիմա էլ ուզում եք պաշտպանել բանակի թալանի ձեր իրավունքը: Ես դա թույլ չեմ տա ձեզ:

Ես չեմ հիշում, որ նրանք մի բան ասեին, երբ պարզվեց, որ Մանվել Գրիգորյանը զինվորի բաժինը դարձրել է իր արջերին կեր: Բա ո՞ւր էիք այդ ժամանակ: Չկայիք, որովհետեւ ձեզանից ոմանք նման պահեստներ ունեն ուրիշ տեղերում: Մենք այդ պահեստների տեղը գիտենք, բացահայտել ենք եւ շատ բան, երբ որ չենք ասում՝ պետական գաղտնիք է: Ոմանք բանակին նվիրված հիմնադրամներից իրենց վետերոկներն էին ֆինանսավորում... այդ ինչո՞ւ ազատամարտը չէիք պաշտպանում»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գլխավոր դատախազին հանձնարարել է՝ ուսումնասիրել, թե զինվորներին ինչ սննդամթերք է մատակարարվում: Նա ասաց, որ բոլոր մեղավորներին պարզելու են եւ պատժեն:

«Այդ կոչումները վերցրել եք, որ ձեր սեփական ժողովրդին թալանեք, որ նվաստացնեք եւ ընտանիքներ քանդեք: Ես չեմ հիշում, որ Արցախի ազատամարտի պաշտպանները կես բառ ասած լինեն, որ Սերժ Սարգսյանի եղբոր միայն մեկ բանկային հաշվում 30 միլիոն դոլար կա: Ոչ մեկ չի հարցնում դա ձեզ որտեղից, որ զինվորը տռուսիկ ու մայկա չունի, այլ թալանչի ստահակներ: Ոմանք այս պրոցեսի արդյունքում բոմժ են դառնալու, որովհետեւ բոմժ են եղել»,- Սպիտակում քարոզարշավը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: