«Իմ քայլը» դաշինքը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իր նախընտրական քարոզարշավը այսօր՝ նոյեմբերի 27-ին, սկսել է Լոռու մարզից: Առաջին կանգառը Սպիտակ քաղաքն էր: Այստեղ Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ընթացքում հիշեց իրենց քայլարշավը, թե ինչպես են Շիրակից եկել Լոռի:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սպիտակ գալու ճանապարհին կանգնել են մի քանի գյուղերում, զրուցել բնակիչների հետ եւ ոմանք բարձրաձայնել են այն մասին, որ ՀՀԿ-ից մտավախություններ ունեն:

«Եթե նրանք նկատի ունեն ՀՀԿ-ի պաստառները, որ գիշերվա սատանայի նման հայտնվում են ճանապարհին, ես դա կարող եմ հասկանալ: Ժողովուրդ ջան, ախր ինչ է տեղի ունեցել... ապրիլին տեղի է ունեցել հեղափոխություն, իսկ դեկտեմբերին տեղի է ունենալու ընտրություն եւ այս ամբողջ ճանապարհը մենք միասին ենք անցել: Քաղաքական ուժերից վախենալու բան չունենք, քաղաքական ուժերը պետք է ձեզանից վախենան»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այսօր ՀՀ-ում իշխանությունը հարյուր տոկոսով պատկանում է ժողովրդին: «Ոչ մի քվե մի տվեք ՀՀԿ-ին եւ նա չի լինի: Ոչ մի ձայն ՀՀԿ-ին, որովհետեւ չի կարելի ներել: Ինչքան փորձում ենք, այսպես ասած, լարումներ չմտցնել, սիրո եւ համերաշխության մթնոլորտը տարածել, ոմանք առիթավորվում են դրանից: ՀՀԿ-ականների թալանչի բրիգադը պետք է ուղարկվի պատմության աղբանոց:

ՀՀԿ-ն ասում է՝ եթե մտահոգված ես ձայն տուր ՀՀԿ-ին, ես էլ ասում եմ՝ եթե արժանապատիվ քաղաքացի ես, ձայն չտաս ՀՀԿ-ին: Ձայն չտաք այն ուժերին, որոնք փորձել են ընտրակաշառքով ընտրություններում հաղթել: Ոչ մի ձայն, որոնք սպառնացել են կամ որոշել են զենքով ու բռնությամբ ՀՀ-ում հարցեր լուծել: Սա այսօրվա իմ ամենամեծ շոկն է, որ այսօր ՀՀ-ում կա քաղաքացի, որը վախենում է կոռումպացված ՀՀԿ-ից»,- նշեց նա եւ առաջարկեց՝ քայլ անել, դուրս գալ այդ «վագոններից»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկա հինգ տարիներին իրենք արմատախիլ են անելու ծայրահեղ աղքատությունը, նվազեցնելու են գործազրկությունը: Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ այս օրերին իրեն մոտենում են գործարարներ եւ հայտարարում են, որ պատրաստվում են ներդրումներ անել:

«Հայաստանում բացվելու են հազարավոր աշխատատեղեր եւ այդ աշխատատեղերի մի մասը դուք եք բացելու: Մենք քաջալերում ենք ձեզ, որ զբաղվեք ձեռներեցությամբ... Որտեղ կա ՀՀԿ-ական գյուղապետ, որի մտքով անցնում է վախեցնել իր գյուղացիներին, ուրեմն իմացեք, ես գալու եմ անձամբ այդ գյուղապետերի հետեւից եւ վզներից բռնած դուրս եմ անելու իրենց կաբինետներից: Ո՞նց, այս երկրում մարդ կա, որը փորձում է վախեցնել: Տո, բոլորիդ կպառկեցնենք ասֆալտներին, էս ովքե՞ր են սրանք: Ի՞նչ հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ մուսկուլավոր, բոլորին կպառկեցնենք ասֆալտին ու տարիներով վեր չեք կենա այդ ասֆալտներից:

Ես ոստիկանությանն ասում եմ՝ չփորձի մեկը թպրտալ, չփորձի մեկ հանցավոր տարր՝ գող կլինի, ավտարիտետ կլինի, պատերին կտանք բոլորին: Քաղաքացի ե՞ք վախեցնում, գլուխներդ պատին եք տվել: Դուք ծակերից չպետք է դուրս գաք, դուք այս երկրի փողոցներով չպետք է քայլեք, ձեր տեղը բանտն է եւ հայտնվելու եք բանտերում, ստահակներ»,- ասաց նա: