«Հանրապետական» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ ոստիկանությունը երբեւէ այսքան թույլ ու նվաստացած չի եղել իշխանության կողմից, որքան այսօր է: Նա նման կարծիք հայտնեց այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ:

«Այսօրվա ոստիկանապետն այս մասին պետք է մտածի, սա արժանապատվության հարց է ու կարեւորագույն խնդիրներից մեկը, ինչը ի զօրու չէ անել ներկա իշխանությունը, մենք ենք վերցնում մեր վրա, դա արժանապատվության վերականգնում է»,- ասաց նա:

Ըստ նրա՝ ՀՀԿ-ն գալիս է, որ վերականգնի իշխանության կողմից թուլացած պետականությունը: Անդրադառնալով նաեւ ՀՔԾ պետի ու ԱԱԾ տնօրենի մասնակցությամբ գաղտնալսմանը՝ նա ասաց, որ դրանից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները այդ թեման կոծկելու համար էր: Մասնավորապես, նա նշեց. «Դուք գիտեք, թե որտեղ են պրոֆեսիոնալ հանցագործները թաքցնում իրենց հանցագործությունները՝ նոր դիակների կամ նոր հանցագործությունների տակ: Մի քանի օրինակ. եթե չեմ սխալվում օգոստոսի 17-ի առավոտյան, մամուլում հայտնվեց գաղտնալսման ձայնագրությունը, բարձրացավ աղմուկ: Նույն երեկոյան վարչապետը հանրահավաքում մի նոր նորություն հայտարարեց, որ դա խլացնի: Դա էր պատճառը որ հանձնարարեց՝ բոլորին պառկեցնել ասֆալտին կամ խփել պատին: Չեք կարող ինձ հետ չհամաձայնվել, որ այդ մեծ աղմուկը լռեցվեց այդ հայտարարությամբ»:

ՀՀԿ պատգամավորի թեկնածուի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը նման մի քայլի էլ գնաց ՀԱՊԿ-ում տեղի ունեցածի պատճառով: «Երբ նա մասնակցում էր ՀԱՊԿ-ի վերջին գագաթնաժողովին ու երբ արդեն իր համար ակնհայտ դարձավ, որ ՀՀ-ն չի պահպանելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, նա հայ համայնքի հետ հանդիպմանը ցնցող հայտարարություն արեց, որով մամուլը չանդրադարձավ ՀԱՊԿ-ում տեղի ունեցածին, քանի որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 800 հազար անբան կա Հայաստանում: Նույնիսկ մեր թշնամիները հայ ժողվորդին նման գնահատական չեն տվել: Պետք էր նոր առիթ՝ փակելու հերթական տապալումը»,- ասաց Շահնազարյանը: