Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գլխավորում է «Իմ քայլը» դաշինքի ցուցակը, և անտրամաբանական կլիներ, որ ցուցակի 1-ին համարը դուրս մնար քաղաքական պայքարից։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը` խոսելով այն քննադատությունների մասին, թե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ անցկացնելու համար արձակուրդ է վերցրել և չի մասնակցելու դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ նիստին, որտեղ կայացվելու է գլխավոր քարտուղարի վերաբերյալ որոշում։ Քեռյանը նշեց, որ եթե վերջինս չմասնակցեր քարոզարշավին, կարող էր վնասել իր քաղաքական ուժի իմիջին։

«Դաշինքի քաղաքական վարկանիշը 90 տոկոսով հենվում է Նիկոլ Փաշինյանի խարիզմայի վրա, ինչի վկայությունը Երևանի քաղաքապետի ընտրությունների արդյունքներն էին։ Եվ չմասնակցել ընտրությունների քարոզարշավին, երբ վերջնականապես պետք է հանգուցալուծվի հեղափոխության ճանապարհը, ընդունելի չէր լինի այդ թիմի ու համակիրների համար»,- նշեց Գ․ Քեռյանը։

Նա ասաց, որ, հավանաբար, ՀԱՊԿ նիստի օրը պարզապես համընկել է քարոզարշավի ընթացքի հետ։ «Կա երկրորդ կողմը․ ՀԱՊԿ անդամ-պետությունները կայացրել են իրենց որոշումը, և առանձնապես տարբերություն չկա՝ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նիստին, թե փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ Այդ երկրների որոշման վրա դժվար թե անդրադառնա, որ նիստին մասնակցի Փաշինյանը։ Ինչ-որ տեղ սա կարող է պաշտպանական գործառույթ լինել Նիկոլ Փաշինյանի համար։

Եթե ՀԱՊԿ-ում կայացվի ոչ հայանպաստ որոշում, դա չի վերագրվի Նիկոլ Փաշինյանի անվանը, չի կապվի նրա հետ, իսկ եթե հայանպաստ որոշում կայացվի, վերագրվելու է հաջողությունը Հայաստանի ձեռքբերումների շարքին»,- մանրամասնեց Գարիկ Քեռյանը։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում շարունակելու է այս ամիսների աշխատանքը վարել ներկայիս պաշտոնակատար Վ․ Սեմերիկովը։ Դիտարկմանը, թե ՀՀԿ-ականների խոսքով՝ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի դաշինքը հաղթելու է և հաղթանակին, ըստ էության, վնաս չէր հասցվի, եթե Փաշինյանը մեկներ ՀԱՊԿ նիստին, Գարիկ Քեռյանը պատասխանեց, որ ինքը համամիտ չէ այն տեսակետների հետ, որ ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը վճռորոշ նշանակության է։