«Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Մենք» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար Արամ Սարգսյանի խոսքով՝ իրենց կարելի է համեմատել ցանկացած ուժի հետ, բայց ոչ «Սասնա ծռերի»: Այս մասին Արամ Սարգսյանը նշեց այսօր «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում:

«Բացարձակ հակադիր մոտեցումներ ունենք: Ես քաղաքական չեմ համարում այդ ուժը, այդ քաղաքական ուժ չէ ինձ համար, իմ ընկալման մեջ, իրենք գոյություն ունեցող իրավիճակում ինչ-որ հանգամանքներ մերժում են: Մենք չենք մերժում Ռուսաստանին, մենք չենք ասում՝ դուրս գանք այսօր ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, մենք ասում ենք, որ քանի որ կա այլ մոդել, այդ մոդելին անցումը պիտի լինի քայլ առ քայլ, մենք ասում ենք, որ կան պատժամիջոցներ ՌԴ-ի նկատմամբ, մենք պիտի ձգտենք դեպի եվրոպական շուկաներ, պիտի ՆԱՏՕ-ի հետ զորավարժություններին գնանք»,-նշեց Արամ Սարգսյանը:

Վերջինս, անդրադառնալով ՀԱՊԿ շուրջ ծավալվող իրադարձություններին, նկատեց, որ անկախ նրանից, թե ով է իշխանության, այդ կառույցը նույն կերպ է վարվում, շատ ճկուն պետք է լինել:

Ինչ վերաբերում է հանքերի գործունեությանը, Արամ Սարգսյանն ասաց, որ չի տեսել դեպք, երբ հանքարդյունաբերության բաժնետերերին ձերբակալեն, իսկ եթե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գիտի այս ոլորտում ապօրինի գործունեության մասին, պետք է Դատախազությանը ներկայացնի այդ փաստերը:

Արամ Սարգսյանը, խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, թե իր խոստումները կատարել է՝ պայքարում է մենաշնորհների, կոռուպցիայի դեմ և այլն, նշեց, որ մեր երկրի համար մեկ խնդիրը, բոլոր հարցումների համաձայն, աշխատատեղերի ստեղծումն է:
«Մենք պիտի լուծենք աշխատատեղերի խնդիրը մեզանով»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե համեստությունը քաղաքական դաշտում լավ բան չէ, Արամ Սարգսյանն արձագանքեց, որ ՔՊ-ի արած գործընթացները նրանց որևէ օգուտ չտվեցին: «Անկախ նրանից, թե դա օրենքով է, թե չէ, Նիկոլ Փաշինյանը, եթե նախկին իշխանություններն անեին, մեղադրելու էր նրանց. եթե մարդն առաջին օրը գնում է Գեղարքունիքի մարզ, հետո Արագածոտնի մարզ, հետո գալիս է, քարոզարշավ է անում, դա քարոզչություն է, դա քարոզչություն սկսել է ժամանակից շուտ: Ունե՞ր դրա կարիքը ՔՊ-ն, իհարկե, ոչ, նրան դա բացարձակ պետք չէր, ու համեստություն ասվածն այստեղ է: Նախորդ իշխանությունն իրեն մեծամիտ էր պահում»,-ասաց «Մենք» դաշինքի առաջնորդը:

Նա ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը հանրային լայն աջակցություն ունի, գիտի, որ մոտ 70% հավաքելու են. «Հիմա այս երթն արեց, 90% է վերցնելու, ինչի՞ն էր պետք, այ սա է համեստությունը: Ինքն ընդհանրապես քարոզարշավին չպիտի մասնակցեր, իր համար մեկ խնդիրը պիտի լիներ մաքսիմալ արդար ընտրությունների պաշտպանումը: