Նախօրեին Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնային հանգանակության հերթական՝ 21-րդ ակցիան, որի ընթացքում հավաքվեց 11 միլիոնի 109 հազար դոլար:

Մենք արդեն առիթ ունեցել ենք խոսելու այն մասին, որ «Հեռուստամարաթոն 2018-ը» անցնելու է առանձնահատուկ իրավիճակում՝ պայմանավորված Հայաստանում թավշյա հեղափոխության հանգամանքով, որը ապամոնտաժել է կոռուպցիոն համակարգը և ձևավորում է նոր Հայաստան՝ նոր իշխանությամբ, լեգիտիմության, հանրային բարձր վստահության պայմաններում՝ ներառյալ սփյուռքահայ հայրենակիցների վստահությունը:

Այդուհանդերձ, դիտարկելով հանգանակությունը զուտ արդյունքի տեսանկյունից՝ մենք կարող ենք արձանագրել, որ նոր Հայաստանը չի թողել էական ազդեցություն այդ արդյունքի վրա: Իհարկե, նկատելի է դրա ձևավորման կառուցվածքի փոփոխությունը:

Այս անգամ, ի տարբերություն նախորդ տասնամյակում գերակա միտման, հանգանակության արդյունքում բավականին փոքր է կամ ընդհանրապես բացակայում է ռուսաստանահայ մեծահարուստների դերակատարումը և մասնակցությունը: Այստեղ թերևս ակնառու է պատճառը կամ դրա քաղաքական լինելը: Ռուսաստանահայ մեծահարուստների ներգրավումը Սերժ Սարգսյանի քաղաքական խնդիրներով և իրողություններով պայմանավորված մտահղացում էր, որ սկսվեց 2008 թվականից: Դրա խորքում իրականում տնտեսաքաղաքական պայմանավորվածությունների մի ամբողջական համակարգ էր, որը աշխատում էր Սարգսյանի նախագահության տասնամյակի ամբողջ ընթացքում և իր գագաթնակետին հասավ վերջում՝ 2016-18 թվականներին, երբ ռուսաստանահայ կապիտալը ընդհուպ հավակնում էր արդեն Հայաստանում Սերժ Սարգսյանի իշխանությունը ժառանգելուն: Հետո իհարկե եղան հայտնի զարգացումներն ու հանգուցալուծումը, որի մասին շատ ենք խոսել և դեռ կլինեն խոսելու առիթներ:

Այդ համատեքստում զարմանալի չէ, որ ռուսաստանահայ մեծահարուստները հետաքրքրություն չեն ցուցաբերել հանգանակության նկատմամբ, քանի որ նվազել է ընդհանուր քաղաքական հետաքրքրությունը: Սակայն հանգանակության զգալի հատվածը շարունակում է համալրվել խոշոր նվիրատվությունների շնորհիվ, և ակնհայտ է, որ շարունակում է պահպանվել դրա «համազգային» բնույթի խնդիրը: Ի վերջո, ամենահամեստ չափումներով անգամ աշխարհասփյուռ ավելի քան 7 միլիոն հայության պայմաններում հնարավոր է ամենամյա հանգանակությամբ հավաքել բազմապատիկ ավելի, քան 10, 11 կամ 12 միլիոն ցուցանիշները, որոնք ըստ էության համեմատական կայունությամբ ուղեկցում են հիմնադրամի ամենամյա հանգանակությունները մոտ երկու տասնամյակ:

Եվ այստեղ ակնհայտ է, որ հանգանակություններին և ընդհանրապես «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը անհրաժեշտ է լրջագույն վերբեռնում, համակարգային, խորքային, ընդհուպ երևույթի գաղափարական և գաղափարախոսական հենք: Ավելին, մենք թերևս կարող ենք արձանագրել, որ հիմնադրամը ինքնին, որպես համազգային մեխանիզմ և երևույթ, գաղափարախոսական հենք չի էլ ունեցել, որ դրված կարող էր լինել երկարաժամկետ ռազմավարության նպատակադրումով: Հիմնադրամը իր մեկնարկից ի վեր ըստ էության հիմնված է եղել զուտ բարեգործական գաղափարախոսության վրա՝ պարզապես հայրենասիրական-համազգային հավաքականության առանցքով: Դրա հետևանքով է նաև, որ մեխանիզմը իրականում վերածվել է բովանդակային մեխանիկայի:

Նոր Հայաստանն այդ իմաստով պետք է դառնա ոչ թե ինքնին այդ մեխանիկայի նոր բովանդակություն՝ հույսով, որ դա կարող է բերել նոր արդյունքների, այլ նոր Հայաստանը պետք է դառնա մեխանիկայից գաղափարախոսական նոր հիմքի վերադառնալու և դրա վրա բովանդակային նոր մեխանիզմ ձևավորելու միջոց: «Հեռուստամարաթոն 2018-ն» ըստ էության վկայեց դրա կենսական անհրաժեշտությունը: