Նոյեմբերի վերջին Մինսկում տեղի է ունենալու ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հերթական հանդիպումը։ Ինքնին հասկանալի է, որ այս հանդիպման հիմնական ինտրիգը կապված է ոչ թե նրա օրակարգի, այլ այն հանգամանքի հետ, որ ներկայումս դրամատիկ դիվանագիտական ճգնաժամ գոյություն ունի Հայաստանի ու Բելառուսի հարաբերություններում։

Այս համատեքստում խիստ կարևոր է դառնում այն հարցը, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մինսկ։ Եթե նման բան տեղի ունենա, ապա Նիկոլ Փաշինյանի ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը գրեթե անխուսափելի է։

Դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ սկզբունքային է դառնում Երևանի ու Մինսկի միջև կոնսենսուսի կայացումը։ Ընդ որում՝ այս պահին համաձայնություններն ավելի շատ պետք են Երևանին, որովհետև եթե Սանկտ Պետերբուրգում ևս կոնսենսուս չձևավորվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ, ապա Հայաստանի թեկնածուի հարցը, ըստ ամենայնի, օրակարգից դուրս է մնում․ ինչքան կրճատվում է ռոտացիոն սկզբունքով Հայաստանին տրամադրված մանդատի ժամկետը, այնքան ավելի ամուր է դառնում այն վարկածը, որ սեղմ ժամկետի համար նպատակահարմար չէ Հայաստանի նոր ներկայացուցչի ընտրությունը։

Իհարկե, շատ հնարավոր է, որ հայ-բելառուսական ինտենսիվ շփումներ հիմա էլ կան, սակայն դրանք տեղի են ունենում դիվանագիտական խողովակներով, ու ինչ-որ հանգուցալուծումներ տեղի են ունենալու՝ անկախ այն հանգամանքից՝ Մինսկ կմեկնի՞ Նիկոլ Փաշինյանը, թե՞ ոչ, կամ մեկնելու պարագայում ի՞նչ ձևաչափով կհանդիպեն Հայաստանի ու Բելառուսի ղեկավարները։

Սկզբունքորեն հնարավոր է նաև, ու ՀԱՊԿ-ում ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման պատասխանատվությունն իր վրա վերցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ու հակամարտող կողմերը իրենց հարաբերությունները պարզաբանում են նրա միջոցով։ Սա, ի դեպ, ամենահավանական տարբերակն է ու, թերևս, բոլորը հասկանում են, որ ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը կարող է հաղթահարվել միայն Ռուսաստանի գործուն միջամտության հետևանքով։

Ստեղծված իրավիճակում, իհարկե, քիչ հավանական է, որ Պուտինը պաշտպանի հակադիր տեսակետներից որևէ մեկը․ նա, ըստ ամենայնի, փորձելու է հնարավորինս կոմպրոմիսային լուծումներ առաջարկել։ ՀԱՊԿ-ում ճգնաժամի խորացումը առաջին հերթին հարվածում է հենց Ռուսաստանի միջազգային հեղինակությանը։

ՀԱՊԿ-ում նոր ստատուս-քվոյի ձևավորման գործընթացը շատ ավելի կարևոր ու սկզբունքային է, քան գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Այս հարթության վրա շատ կարևոր է, որպեսզի պաշտոնական Երևանը ունենա տարբեր լուծումներ իրադարձությունների զարգացման մի քանի սցենարների համար։ Ի՞նչ է ստանալու Հայաստանը, եթե պահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ բացառապես Ռուսաստանի աջակցության շնորհիվ, արդյո՞ք այդ դեպքում Երևանը հարկադրված չի լինի մեծ զիջման գնալ սկզբունքային որևէ հարցում։ Մյուս կողմից՝ Երևանը պետք է հստակ ներկայացնի, թե ինչ է ակնկալում ՀԱՊԿ իր գործընկերներից, առաջին հերթին՝ Ռուսաստանից, եթե, այնուամենայնիվ, համաձայնի այլ կոնսենսուսի՝ հրաժարվելով իր այսօրվա դիրքորոշումից։