Օլիգարխ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի՝ Ծառուկյանի Էդոյի պատգամավորական թեկնածության առաջադրման մասին օրեր առաջ գրել էինք։ Անկեղծ ասած՝ թաքուն հույսեր ունեինք, որ Բաբայանի թեկնածությունը մեր հրապարակային «բացահայտումից» հետո կհանվի՝ բանը չհասցնելով գրանցման։ Համենայնդեպս, այդպես էին հուշում քաղաքական տրամաբանությունը ու առաջին հերթին՝ հեղափոխության օրակարգն ու համատեքստը։

Հեղափոխության համար նույնիսկ Գագիկ Ծառուկյանի մասնակցությունն առաջիկա ընտրություններին ու նոր խորհրդարանում օլիգարխի գրպանային խմբակցության գոյությունն արդեն մեծ շռայլություն էր։ Այս համատեքստում Ծառուկյանի մասնակցությունն ընտրություններին, նրա կողմից ԲՀԿ ցուցակի առաջնորդումն արդեն հեղափոխության որոշակի, չարդարացված կոմպրոմիսն է քրեաօլիգարխիայի հետ։ Խորը մոլորություն է քրեաօլիգարխիկ համակարգը նեղացնելն ու միայն ՀՀԿ-ի վրա տարածելը, որովհետև ԲՀԿ-ն եղել է նախկին համակարգի սյուներից մեկը։

Սակայն եթե Գագիկ Ծառուկյանի մասնակցությունն առաջիկա ընտրական կամպանիային որոշակիորեն իներցիայի հետևանք է, ու գրեթե վստահաբար դեկտեմբերի 9-ի ընտրությունները նրա քաղաքական «կարապի երգն» են, ապա Էդոյի առաջադրումը որպես թեկնածու ուղղակի մարտահրավեր է հեղափոխությանը, ընտրական գործընթացին ու ապագա խորհրդարանը կրիմինալիզացնելու ակնհայտ փորձ։

Սա մի կողմից՝ խոսում է հեղափոխության թիմի ակնհայտ թուլության ու այն բանի մասին, որ անցած յոթ ամիսներին Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել ձևավորել կենսունակ համակարգ, որը կբացառեր նման երևույթները, մյուս կողմից՝ դեռ վաղաժամ է խոսել քրեաօլիգարխիայի վախճանի մասին, որովհետև Ծառուկյանը ոչ միայն չի նահանջել, այլև փաստորեն քաղաքականություն ու խորհրդարան է տանում իր համակարգի, այսպես կոչված, երկրորդ շերտին, որը բացահայտ ի ցույց է դնում իր քրեական որակները, բարքերը։ Ծառուկյանի Էդոյի քրեական «սխրագործությունների» մասին բազմաթիվ հրապարակումներ կան մամուլում, վերջին միջադեպի իրավական հետևանքները դեռ հաղթահարված չեն. Էդուարդ Բաբայանը ոչ միայն պատգամավորության գրանցված թեկնածու է, այլև մեղադրյալ, ու ազատության մեջ է երեսուն միլիոն դրամ գրավի դիմաց։

Այսպիսով՝ առաջիկա ընտրություններում ոչ միայն կապիտալիզացվելու են հեղափոխության արժեքները, այլ նաև ընտրական գործընթացը բացահայտորեն քրեականացնելու փորձ է արվում։ Նման առաջադրում դժվար էր սպասել անգամ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախագահությունների շրջանում, սակայն հեղափոխությունը փաստորեն ճանապարհ է հարթում նաև կրիմինալի համար՝ ի հեճուկս հրապարակավ հնչեցվող իդեալների ու նպատակների։

Էդուարդ Բաբայանը վարկանիշային թեկնածու է Գագիկ Ծառուկյանի հարազատ Կոտայքի մարզում, այլ խոսքով՝ Ծառուկյանը իր «աջ ձեռքի» համար նախապատրաստել է «ամենակոմֆորտային» ընտրատարածքը, որտեղ Բաբայանը մրցակցությունը սկսելու է բոնուսային «միավորներով»։

Ասում են՝ Ծառուկյանը վարչապետին խոստացել է, որ անգամ ընտրվելու պարագայում Էդուարդ Բաբայանն իր մանդատը զիջելու է ԲՀԿ-ի այլ թեկնածուի, սակայն չկա որևէ երաշխիք, որ նման պայմանավորվածությունները կհարգվեն։

Բացի այդ՝ արդեն իսկ սարսափելի է պատկերացնել այն մոտիվը, որը Ծառուկյանին ստիպել է հենց այս ընտրատարածքում առաջադրել Էդոյի թեկնածությունը։ Ակնհայտ է, որ Ծառուկյանի ու կրիմինալի ջանքերով Բաբայանը զգալի թվով քվեներ է ստանալու, ու նույնիսկ շատ հավանական է, որ պարտության մատնի Կոտայքի ՔՊ-ական մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին, որը դարձյալ այս տարածքի թեկնածու է, ու լուրջ մրցակցություն ստեղծի Սասուն Միքայելյանի հետ, ով համարվում է թիվ 10 ընտրատարածքի ֆավորիտը։ Այլ խոսքով՝ Ծառուկյանը մտադիր է «չորով» հաղթել հեղափոխության թիմի երկու նշանային դեմքերի, ինչը ռևանշիզմի ուղղակի դրսևորում է, մանավանդ, որ Էդոն ներկայացնում է հանցագործ աշխարհը։ Ինչքան էլ Ծառուկյանի թիմը փորձել է «մշակել» Էդուարդ Բաբայանի կենսագրությունը՝ նրան ներկայացնելով որպես ազատամարտիկ ու մարզիկ, նրա կենսագրությունից հնարավոր չէ ջնջել քրեական հետագիծը։

Ու մենք հետևողականորեն անդրադառնալու ենք այս թեմային, որովհետև սա այս ընտրապայքարի ամենախայտառակ առաջադրումն է, որն ընտրական գործընթացի տակ դրված ական է։