«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայաստան» համահայկական հիմնադրամին Լոս Անջելեսում մեկնարկած «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում երեկվա դրությամբ նվիրաբերվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար: Միայն թե, նախորդ տարիների համեմատ, այս անգամ հանգանակված գումարն ավելի քիչ էր. 2017թ. մարաթոնի ժամանակ հանգանակվել էր 12 մլն 505 հազար դոլար, իսկ 2016 թվականին` 14.6 մլն դոլար: Նախորդ տարվա համեմատ` 2018թ. հանգանակված գումարի տարբերությունը մեծ չէ՝ 1.3 մլն դրամ:

Մինչդեռ թավշյա հեղափոխությունից հետո սպասվում էր, որ Սփյուռքի հանգանակած գումարները շեշտակի կավելանան: Ի վերջո, Սփյուռքը հիմա ավելի շատ է վստահում ՀՀ նոր իշխանություններին, քան ՀՀԿ օրոք էր: Ըստ այդմ, երեկ տեղի ունեցածը տարօրինակ էր: Բայց այդ գումարը հնարավոր է, որ կավելանա. նախ՝ հաշվարկված չէ ՀՀ-ից արված նվիրատվությունները: Բացի այդ, եթե նախկինում պետական կառավարման համակարգի աշխատակիցների աշխատավարձերից որոշակի գումար է պահվել հանգանակության նպատակով, ապա այս տարի ստիպողաբար նման քայլ չի եղել:

Միաժամանակ, հավաքագրման նվազման պատճառը կարող էր լինել հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանի շուրջ տեղի ունեցած սկանդալը: Եթե հիշում եք, նա հիմնադրամի միջոցները խաղադրույք էր դրել, բայց հետո այդ գումարները մինչև վերջին լուման վերադարձրել: Սակայն դա չխանգարեց, որ ԱԱԾ-ն այդ պատմության բացահայտումից հետո քրեական գործ հարուցի: Երեկ Վարդանյանն ինքը նման խոստովանություն է արել ու ներողություն խնդրել. «Կրկին հայցում եմ բոլորիդ ներողամտությունը, եթե իմ հետ կապված աղմուկը որևէ կերպ ազդել է վստահության վրա, և կոչ եմ անում բոլորին սատար կանգնել Հիմնադրամին և իր սուրբ առաքելությանը»,- ասել է նա:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ չի բացառել, որ այս տարի քիչ գումար է հավաքագրվելու. պատճառներից մեկը նախկին տնօրենի շուրջ սկանդալն էր. «Հնարավոր է, չի բացառվում»»: