ՀՀԿ-ն 20 տարում այնքան բան է արել, որ անգամ փողոցում չկարողանան քայլել, դրա պատասխանատուն է՞լ եմ ես․ այսօր լրագրողներին ասել է Նիկոլ Փաշինյանն՝ ակնարկելով, որ այս ընտրություններում Հանրապետականը հաջողության շանսեր չունի։

Փաշինյանը, իհարկե, միանգամայն ճիշտ է, ու ՀՀԿ-ի մասնակցությունն այս ընտրություններին որևէ կերպ չի տեղավորվում հեղափոխության համատեքստի մեջ։ ՀՀԿ-ի քաղաքական ռեաբիլիտացիայի ճանապարհն ավելի երկարատև ու բազմաշերտ գործընթաց է, քան պատկերացնում է Հանրապետականի այսօրվա վերնախավը։ Համենայնդեպս, յոթ ամիս առաջ ՀՀԿ-ն իշխանությունից զրկվել է ոչ թե ընտրությունների ճանապարհով, այլ՝ ըստ էության, դուրս է շպրտվել հասարակության կողմից։ Նման դեպքերում կուսակցության ռեբրենդինգն ավելի բովանդակային բնույթ պետք է ունենա, այլ խոսքով՝ միայն այն հայտարարությունը, որ ՀՀԿ-ն չի հավակնում իշխանության, այլ ընդամենը ձգտում է հիմնական ընդդիմության կարգավիճակին՝ ամենևին էլ բովանդակային փոփոխության ուղերձ չէ։

«Իմ քայլը» դաշինքը հիմնականում թիրախավորում է ՀՀԿ-ին՝ նրան ակամայից դարձնելով իր հիմնական մրցակիցը։ Սա ինչ-որ տեղ օրինաչափ է, որովհետև հեղափոխության հիմնական թիրախը եղել է քրեաօլիգարխիան, որի շահերի հիմնական սպասարկողը ՀՀԿ-ն էր, մյուս կողմից՝ ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի թիմի համար իդեալական ընդդիմություն է, որովհետև նախկին համակարգի հանդեպ ատելության ֆոնին «Իմ քայլը» դաշինքի շուրջ տեղի է ունենում հասարակության աննախադեպ, նույնիսկ անբնական կոնսոլիդացիա, ըստ էության՝ առանց լուրջ ջանքերի։

Անկախ այն հանգամանքից, որ գործող կառավարությունը նախորդի հասցեին հանդես է գալիս կոշտ գնահատականներով՝ անուղղակի նպաստում է, որ հասարակական գիտակցության մակարդակում հենց ՀՀԿ-ն համարվի հեղափոխական դաշինքի հիմնական մրցակիցը։ Այս համատեքստը, սակայն, ձեռնտու է «Իմ քայլը» դաշինքին, մասամբ՝ գուցե ՀՀԿ-ին, սակայն ոչ երկրին ու հասարակությանը, որովհետև «սևի» ու «սպիտակի», հեղափոխության ու հակահեղափոխության միջև ընտրություն, ըստ էության, չի կարող լինել ու այս պարագայում չափազանց մեծ է վտանգը, որ դեկտեմբերի 9-ին կառավարող կուսակցության բարձր վարկանիշի համատեքստում տապալվելու է դեմոկրատական այլընտրանքի ձևավորման հեռանկարը՝ իշխանությանը զրկելով դեմոկրատական հակակշռի հնարավորությունից, նախադրյալներ ստեղծելով խորհրդարանից դուրս՝ փողոցում, լարվածության նոր օջախների ձևավորման համար։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի որոշ թիմակիցներ այս տարբերակը նույնիսկ ոչ թե վտանգավոր, այլ ցանկալի են համարում՝ ակամայից խոստովանելով, որ ՀՀԿ-ն իրենց համար, այսպես ասած․ «հարմար» ընդդիմություն է ոչ միայն նախընտրական, այլև հետընտրական փուլերում։

«Ես կհամարձակվեմ այսպիսի բան ասել՝ չեմ խոսում քաղաքական թիմի անունից, սուբյեկտիվ իմ կարծիքով՝ ես դեմ չէի լինի, որ նոր խորհրդարանում Հանրապետական կուսակցությունը ներկայացված լիներ, եթե ժողովուրդը ճիշտ համարի դա, և ինչպես, օրինակ, նույն «Քաղաքացու որոշում» կուսակցության հետ մեկտեղ, սա ինձ համար շատ ընդունելի տարբերակ կլիներ, նաև որոշակիորեն իշխանությանը փոխզսպող որպես։ Հանրապետական կուսակցության ներսում նայելով ցուցակին՝ հիմնականում մինչև 8-9-րդ համարներին, իհարկե, կան այնպիսի քաղաքական գործիչներ, ովքեր կարող են, այսպես, ներվի վրա պահել կառավարությանը մշտապես և որոշակի փոխզսպող գործառույթներ կատարել»,- «Ազատություն» ռադիոկայանի եթերում երեկ այսպիսի կարծիք է հայտնել Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։

Ի դեպ, այս կարծիքն այնքան էլ մասնավոր չէ, համենայնդեպս՝ որոշակիորեն արտահայտում է ՔՊ-ում տիրող տրամադրությունները։

Քաղաքական տեսանկյունից՝ Սփյուռքի նախարարի դիրքորոշումը, իհարկե, նույնիսկ անհեթեթություն է, որովհետև եթե հեղափոխություն իրականացրած ու ՀՀԿ-ին վռնդած ուժի ղեկավար գործիչը յոթ ամիս հետո ՀՀԿ-ին տեսնում է խորհրդարանական ընդդիմության դերում, ապա գործնականում ընդունում է նաև, որ Սերժ Սարգսյանի կուսակցությունը կարող է հավակնել հաջորդ իշխանության ձևավորմանը, այլ խոսքով՝ կասկածի տակ է դրվում հեղափոխության անշրջելիությունը։

Հույս ունենք, որ Նիկոլ Փաշինյանի թիմի ներկայացուցիչները նման թեզերով քարոզարշավի ընթացքում հանդես չեն գա, որովհետև սա, մի կողմից, բացահայտում է նրանց թուլությունը, վախերը՝ ավելի լուրջ, դեմոկրատական հենքի վրա ձևավորված ընդդիմությունից, մյուս կողմից՝ վտանգավոր ուղերձ է հասարակությանը, որ գործող կառավարության անարդյունավետ քաղաքականության միակ այլընտրանքը նախկին համակարգի հանցագործ քաղաքականությունն է։

ՀՀԿ-ն՝ ընդդիմության կարգավիճակով, ոչ թե կառավարությանն է ներվի վրա պահելու, այլ հեղափոխությանը, այլ խոսքով՝ լինելու է այն հակահեղափոխական «ասեղը», որը կարող վնասել հեղափոխության «ներվը»։