Եթե դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում կոնսենսուս չլինի, հայկական կողմը կշարունակի աշխատել կոնսենսուսի հասնելու ուղղությամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցի շուրջ Բելառուսի նախագահի և ԱԳՆ խոսնակի մակարդակով արված հայտարարություններին՝ Փաշինյանը նշել է, որ հայկական կողմը նախագահի ասածին պատասխանել է վարչապետի մակարդակով և ԱԳՆ խոսնակին պատասխանելու մտադրություն չունի։ «Իմ զրուցակիցը Բելառուսի նախագահն է, որից ես որևէ արձագանք դեռ չեմ ստացել, և որևէ կասկած չկա, որ այն, ինչ ասել եմ, տեղի կունենա։ Այսինքն՝ ես պարզաբանումներ կպահանջեմ տեղի ունեցածի վերաբերյալ»,- ասել է Փաշինյանը։ Նա հայտարարել է, որ չի պատրաստվում լռության մատնել Հայաստանի ազգային շահերին վերաբերող որևէ հարց և շարունակելու է պաշտպանել դրանք։

Հայաստանի վարչապետի դիրքորոշումը բազմաշերտ է։ Նիկոլ Փաշինյանն ըստ էության ոչ միայն չի բացառում, այլև հետևողական է այն հարցում, որ ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը լինի Հայաստանից։ Մյուս կողմից՝ գործող վարչապետը իրատես է ու հասկանում է, որ Բելառուսի ու Աստանայի դիմադրության պարագայում դժվար է լինելու հասնել առաջադրված խնդրի լուծմանը։ Այլ խոսքով՝ Հայաստանը գործընթացն առավելագույնս արդյունավետ օգտագործելու ու դիվիդենդներ ստանալու խնդիր ունի։

Իհարկե, հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի ժամանակ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք ինքնավստահություն են ներշնչում Փաշինյանին։ ՀԱՊԿ-ում առանցքային դերակատարությունը վերապահված է Ռուսաստանին, ու, անշուշտ, դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում վճռական դեր է վերապահված Պուտինի դիրքորոշմանը։ Մյուս կողմից՝ դժվար է ակնկալել, որ Ռուսաստանի նախագահն ակտիվորեն զբաղվելու է Երևանի շահերի լոբբինգով։ Այստեղ խնդիրն ավելի խորքային է, քան սոսկ ՀԱՊԿ ֆունկցիոների ընտրությունը․ իհարկե, Աստանայի ու Մինսկի կոնսոլիդացված դեմարշում, որի տեսանելի թիրախը Հայաստանն է, առկա է նաև հակառուսական բաղադրիչ։ Սակայն եթե Մոսկվան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում ուղղակիորեն աջակցի Հայաստանի դիրքորոշմանը, ապա ակամայից լեգիտիմացնում է այն նոր ստատուս քվոն, որը եվրասիական կառույցներում առաջացել է հայկական հեղափոխությունից հետո։ Ինքնին հասկանալի է, որ Ռուսաստանի ավտորիտար առաջնորդը նման քայլի չի գնա։

Մյուս կողմից՝Հայաստանն իր հերթին վետո է կիառելու Բելառուսի թեկնածուի ընտրության պարագայում, ու չենք կարծում, թե այս հարցում Մոսկվան առանձնապես ընդդիմանա Երևանի նման դիրքորոշմանը։ Ի վերջո, Պուտինի համար անցանկալի է, որ ՀԱՊԿ-ում ստեղծվի նախադեպ, երբ Բելառուսն ու Ղազախստանը կարողանում են օրակարգ թելադրել կոնսոլիդացված դիրքորոշման հետևանքով։

Ըստ այդմ՝ տեսանելի է, որ գտնվելու է միջանկյալ կոնսենսուս, ու, ըստ ամենյանի, ընտրությունը կանգ կառնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարի վրա, որը Ռուսաստանի ներկայացուցիչն է։ Արդյոք այս տարբերակը կարո՞ղ է գոհացնել Հայաստանին՝ մանավանդ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը բազմաշերտ է և ուղղակի և անուղղակի ազդեցություն ունի այլ գործընթացների վրա։

Ամենամեծ շահառուն, որ Հայաստանի ներկայացուցիչը չընտրվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, Ադրբեջանն է, ու առայժմ տեսանելի չէ, թե իրադարձությունների նման սցենարը Բաքվի կողմից ինչպես կօգտագործվի Ղարաբաղի շուրջ ծավալվող գործընթացներում։ Ըստ այդմ՝ Հայաստանն անվտանգության ինչպիսի՞ լրացուցիչ երաշխիքներ է ստանալու ՀԱՊԿ-ից, առաջին հերթին՝ Ռուսաստանից, եթե համաձայնի կոնսենսուսային որևէ տարբերակի։ Թերևս Նիկոլ Փաշինյանը սա նկատի ունի, երբ ասում է՝ հետևողական է լինելու ազգային շահերի պաշտպանության հարցերում։

Մյուս կողմից՝ եթե դեկտեմբերի 6-ին Հայաստանի ներկայացուցիչը չի ընտրվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ապա խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ այդ խնդիրը շահարկվելու է հին համակարգի ներկայացուցիչների կողմից։ Ըստ այդմ՝ Փաշինյանը Պուտինից պետք է հստակ երաշխիքներ ստանա, որ ՀԱՊԿ խնդիրը Ռուսաստանի իշխանության որոշակի շրջանակների կողմից չի օգտագործվելու Հայաստանում քաղաքական որոշակի կոնֆիգուրացիա ձևավորելու համար։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը շատ ավելի բազմաշերտ է, ու այս գործընթացում Փաշինյանը խիստ որոշակի երաշխիքներ պետք է ստանա Պուտինից։