Նոյեմբերի 8-ից հետո պաշտոնական Երևանը հիմնականում դիվանագիտական ընդհանուր բնույթի գնահատականներ էր տալիս ՀԱՊԿ Աստանայի գագաթաժողովին, որի ընթացքում գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ կոնսենսուս այդպես էլ չձևավորվեց։ Իհարկե, այս ընթացքում ՀԱՊԿ երկու երկրների՝ Ղազախստանի ու Բելառուսի նախագահները բաց տեսքտով հայտարարել են, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է անցնի Բելառուսի ներկայացուցչին։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել էր կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի դեսպանի հետ: Իսկ Աստանայում կայացած գագաթաժողովից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը լրագրողներին հայտնել էր, որ Հայաստանն ուզում է պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը, սակայն ժամկետի ավարտին մեկ տարի է մնացել, և, իր կարծիքով, նոր գլխավոր քարտուղարը (եթե այն Հայաստանից լինի) մեկ տարվա ընթացքում չի հասցնի նույնիսկ բոլոր երկրներն այցելել։ Ավարտվող շաբաթվա սկզբին Բելառուսի նախագահն ակնհայտորեն ծաղրել էր Հայաստանին ու հայտարարել էր, թե կազմակերպության հաջորդ ղեկավարը պետք է լինի Բելառուսից, ընդգծելով՝ ինքը ոչ թե մեկ, այլ երեք թեկնածու ունի այդ պաշտոնում: «Հայաստանը գլխավորում է Եվրասիական տնտեսական միությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Սա շատ մեծ ծանրաբեռնվածություն է մի երկրի համար, որը գտնվում է այսպիսի անցումային փուլում: Արդյո՞ք Հայաստանը կդիմանա այդ ծանրությանը», – ասել էր Լուկաշենկոն:

Ընդ որում, Մինսկի ու Աստանայի դիվանագիտական խաղի տողատակում ակնհայտորեն երևում էր Մոսկվայի դեմ ուղղված դեմարշը։

Պաշտոնական Երևանը օրեր շարունակ բավականին զուսպ էր արձագանքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ծավալվող իրադարձություններին, սակայն երեկ Հայաստանի իշխանության առաջին մակարդակով հնչեցին բավականին համարժեք ու կոշտ պատասխաններ։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի Հայաստանի ներկայացուցիչը», – ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում երեկ պնդել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, ընդգծելով՝ կառույցին անդամակցում են վեց իրավահավասար պետություններ և որոշումները պետք է ընդունվեն փոխհամաձայնության սկզբունքով: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքում ակնհայտ է շեշտադրումը, որ Մինսկն ու Աստանան իրենց դուրս են դրել ընդհանուր կոնսենսուսից, այլ խոսքով՝ հակադրվում են ոչ միայն ու ոչ այնքան Երևանին, որքան՝ Մոսկվային։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Բնականաբար, մենք չգիտենք, թե ինչ են խոսել երկու երկրների ղեկավարները, սակայն այդ հեռախոսազրույցին հաջորդեցին Փաշինյանի մի քանի կտրուկ գնահատականներն՝ ուղղված Լուկաշենկոյին ու Նազարբաևին։

Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Բելառուսի նախագահի ու Ադրբեջանի դեսպանի հանդիպմանը, որտեղ Լուկաշենկոն մանրամասներ էր պատմել ՀԱՊԿ նիստից, ասել է․ «Դա դռնփակ ֆորմատով տեղի ունեցած նիստ է, որտեղ ռազմաքաղաքական դաշինքի ղեկավարները քննարկում են անցկացնում, դա փակ խոսակցություն է դաշնակիցների միջև:

Եվ ես զարմացած եմ, որ 30 տարի նախագահի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ, և ես, իհարկե, պիտի պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն նրանից: Մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Նուրսուլթան Նազարբաևը՝ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչ»:

Բնականաբար, պատահական չէ, որ Փաշինյանի այս հայտարարությունները հնչել են նրա ու Պուտինի հեռախոսզրույցից անմիջապես հետո։ Իհարկե, առաջին տպավորությունն այն է, որ Փաշինյանի ու Պուտինի դիրքորոշումները կոնսոլիդացված են եղել, ինչը Հայաստանի վարչապետին թույլ է տվել՝ կոնկրետ մեղադրանքներ հասցեագրել Բելառուսի ու Ղազախստանի իր գործընկերներին։ Մյուս կողմից՝ չի բացառվում, որ Մոկվան տակավին զերծ է մնում կոնկրետ դիրքորոշումներ հայտնելուց, ու Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսզարույցից հետո հասկացել է, որ պետք է հրապարակային դիվանագիտական ճնշում բանեցնել ՀԱՊԿ գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի նկատմամբ։ Ըստ ամենայնի՝ Երևանում կարծում են, որ այլևս ավարտված է կուլիսային երկկողմ ու բազմակողմ բանակցութոյւնների փուլը ու անհրաժեշտ է ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը հրապարակայնացնել։

Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը քիչ առաջ մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ «Երևի Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը պատժելու կամ ներելու լիազորություններ ունի», – ասել է Գլազը։

ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ «դա կարող է կիրառվել ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում, բայց միջպետական հարաբերություններում գոյություն ունեն արարողակարգի ու էթիկետի հստակ նորմեր»։ Գլազն ավելացրել է նաև․ «Երևի պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականության մեջ։ Ափսոս, հուսանք, ժամանակի ընթացքում դա կանցնի»։

Մինսկն այսպիսով՝ ակնհայտորեն խորացնում է դիվանագիտական ճգնաժամը։ Ընդ որում՝ Բելառուսի ԱԳՆ պատասխանը բացահայտում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում Լուկաշենկոյի դիրքորոշման հիմքում ոչ միայն ադրբեջանական գործոնն է, այլև՝ վերաբերմունքը հայկական հեղափոխության հանդեպ։

Այլ խոսքով՝ ՀԱՊԿ-ում ստեղծված ճգնաժամը շատ ավելի խորքային բնույթ ունի, ինչը վաղ թե ուշ հանգեցնելու է այսօրվա ստատուս-քվոյի վերնայմանը ու շեշտարումների փոփոխության Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։

Իսկ առայժմ տեսանլի է, որ ՀԱՊԿ-ում դիրքորոշումները միայն բևեռանում են, ինչը գրեթե կանխատեսելի է դարձնում, որ դեկեմբերի 6-ի նիստում նույնպես կոնսենսուս չի ձևավորվելու։ Ի վերջո, Բելառուսի ԱԳՆ կոշտ արձագանքը նույնպես հաջորդել է Լուկաշենկո-Պուտին հեռախոսազրույցին, ինչը հուշում է, որ կամ Մինսկի նկատմամաբ Մոսկավն ճնշում չի բանեցրել, կամ էլ՝ Լուկաշենկոն անտեսել է Պուտինի հնարավոր հորդորները։

Համատեքստից դուրս նկատենք, որ հայ-բելառուսական հարաբերություններում առաջացած ճգնաժամի վերաբերյալ շատ հետաքրքիր կլիներ լսել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կարծիքը, որը Լուկաշենկոյին համարում է իր հարազատ ընկերը։ Զարմանալի «մտերմություն» է, որի հետևանքով Հայաստանն ոչ միայն ոչինչ չի շահում, այլ մշտապես դառնում է Մինսկի քաղաքականության թիրախը։ Չնայած՝ բիզնեսը հայրենիք ու սահմաններ չի ճանաչում։1in.am