Դեկտեմբերի 9-ին Հայաստանում խորհրդարանի արտահերթ ընտրություններ են, որոնց արդյունքներով պետք է կապիտալիզացվեն ընտրությունների արդյունքները։ Համենայնդեպս, մեզ այդպես է հավաստիացնում Նիկոլ Փաշինյանի թիմը։

Հեղափոխության կարևոր թիրախներից մեկը օլիգարխիան էր, որը, ինչպես հավաստիացնում էր Նիկոլ Փաշինյանը, պետք է դուրս մղվի քաղաքականությունից։ Վերջերս էլ՝ հենց Գագիկ Ծառուկյանի ներկայությամբ, վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում այլևս օլիգարխներ չկան, գործ ունենք սեփականատերերի հետ։

Թերևս Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունն իմաստալից կլիներ, եթե Գագիկ Ծառուկյանն անմիջապես հայտարարեր, որ հեռանում է քաղաքականությունից կամ գոնե մտադիր չէ մասնակցել խորհրդարանական առաջիկա ընտրություններին։ Սակայն մենք նման հայտարարություն չենք լսել, ճիշտ հակառակը՝ ԲՀԿ-ում Ծառուկյանին համարում են անփոխարինելի՝ «հարմար» տեղավորվելով նրա փողառատ գրպանում։ Փաստորեն ստացվում է, որ Հայաստանում լավ էլ կա օլիգարխիա, որովհետև խորհրդարանն իշխանության բարձրագույն մարմինն է։

Եթե ՀՀԿ-ն ներկայացնող օլիգարխիան հեռանում է քաղաքականությունից, անգամ իսկ անցյալում ընդդիմադիր հայացքներով հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանն է հրապարակավ հայտարարում, թե մտադիր չէ լինել օրենսդիր ու գործադիր մարմիններում, ապա առնվազն անհասկանալի է հեղափոխության նման «հումանիզմը» Ծառուկյանի հանդեպ, մանավանդ հոկտեմբերի 2-ի խորհրդարանական հայտնի «խռովությունից» հետո։

Չենք ուզում, իհարկե, մտածել, որ Նիկոլ Փաշինյանի թիմին ձեռնտու է ունենալ «հարմար» ընդդիմություն, որի ֆոնին մեր հասարակությունը, ըստ էության, կզրկվի այլընտրանքի հնարավորությունից՝ աչք փակելով հեղափոխության թիմի բացթողումների, թերությունների, քաղաքական ադեկվատության պակասի վրա։

Սակայն կուսակցությունների համամասնական ցուցակների անգամ հպանցիկ ուսումնասիրությունը մեզ կանգնեցնում է ավելի տխուր փաստի, արտառոց իրողությունների առաջ։

Պարզվում է՝ ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված է Ծառուկյանի Էդոն՝ նրա թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը, որը, ի դեպ, ազատության մեջ է միայն 30 միլիոն դրամ գրավ մուծելու շնորհիվ և ունի մեղադրյալի կարգավիճակ։

Ծառուկյանի թիկնազորի պետը ձերբակալվել, ապա կալանավորվել էր հուլիսի 2-ին Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Օլիմպավան» մարզասրահում 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովին ծեծի ենթարկելու կասկածանքով: Ծեծի հետևանքով Հարությունովը ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել. նա հիվանդանոց է տեղափոխվել «աջակողմյան եզրային պնևմոթորաքս (կրծքավանդակի խոռոչում օդի առկայություն), 9-րդ կողոսկրի կոտրվածք աջից, ենթամաշկային էմֆիզեմա հետին մակերեսի կրծքավանդակի աջ կեսով» ախտորոշմամբ: Ավելի ուշ պարզվել էր, որ ծեծկռտուքին մասնակցություն է ունեցել նաև Գագիկ Ծառուկյանը, համենայնդեպս, այդպիսի ցուցմունք է տվել ինքը՝ տուժողը:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ տուժողը հայտարարել է, որ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։

Իհարկե, սա Էդուարդ Բաբայանի կենսագրությունը «զարդարող» միակ քրեական «սխրագործությունը» չէ։ Ծառուկյանի Էդոն մշտապես հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում, բայց ոչ երբեք՝ իրավապահների, ինչի մասին վկայում են մամուլի տասնյակ հրապարակումները։ Էդոն այն դեպքերից մեկն է, որի համար Քրեական օրենսգիրքը «լաց» է լինում։

Երբ նա հուլիսին կալանավորվեց, մարդիկ մտածեցին, որ մենք իսկապես ապրում ենք նոր Հայաստանում, նույնիսկ ավելի ուշ բնական համարվեց նրա խափանման միջոցի փոփոխությունը՝ գրավի դիմաց, որովհետև հեղափոխությունը, ի վերջո, հումանիստական դեմք է ունենում։

Սակայն երբ հեղափոխությունը հանդուրժում է, որ ակնհայտ կրիմինալը հայտնվի խորհրդարանում՝ սա արդեն բառի իսկական իմաստով սիրո ու հանդուրժողականության արժեքների ապականում է, հեգնանք տասնյակ հազարավոր մարդկանց հանդեպ, ովքեր օրեր շարունակ մնացին փողոցում Հայաստանը օլիգարխներից ու նրանց հաստավիզ «ղասաբներից» ազատելու համար։

Ծառուկյանի Էդոն ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Կոտայքի մարզը ներառող ընտրատարածքում՝ Գագիկ Ծառուկյանի հարազատ «ֆեոդալությունում» ու կասկածից դուրս է, որ «առատաձեռն» օլիգարխը մանդատ է խոստացել իր «ղասաբին», որպեսզի վերջինս այսուհետև «անձեռնմխելիությամբ» կարողանա աջ ու ձախ ծեծել բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն Ծառուկյանի աչքի վերևում հոնք տեսնել։

Սակայն ԲՀԿ-ն իր էությամբ օլիգարխիկ, կրիմինալ կուսակցություն է ու այստեղ որևէ գաղտնիք չկա, մեզ ավելի շատ սարսափեցնում է հեղափոխության թիմի անտարբերությունը, անտաղանդությունը։ Ծառուկյանի Էդոն չէր հանդգնի առաջադրվել անգամ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին։ Սա՞ էր մեր պատկերացրած հեղափոխությունը, նոր Հայաստանը, որտեղ կրիմինալը, օլիգարխիայի թիկնազորը ցանկանում են հայտնվել խորհրդարանում։ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիա կազմեց Գագիկ Ծառուկյանի կուսակցության հետ, երբ բոլոր հարցերը լուծում էր փողոցը, կամ՝ ինչո՞ւ հոկտեմբերի 2-ի «խռովությունից» հետո Փաշինյանը հուշագիր ստորագրեց Ծառուկյանի հետ՝ նրան ապագա ընտրություններում երկրորդը դառնալու քարտ-բլանշ տալով։ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 2-ի օրինակով՝ տասնյակ հազարավոր մարդկանց չհավաքեց խորհրդարանի շենքի մոտ, որպեսզի խորհրդարանին հարկադրի նոր ԸՕ-ի ընդունումը։

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը «հարմար» ընդդիմություն է ձևավորում ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի դեմքով՝ սեփական համակարգի անկատարությունը քողարկելու համար։

Հեղափոխությունն ու նոր Հայաստանը վերջացած են, եթե ապագա խորհրդարանում պետք է հայտնվեն օլիգարխներն ու կրիմինալները՝ այն շերտերը, որոնց բեսպրեդելի դեմ ուղղված էր տասնյակ հազարավոր մարդկանց պայքարը։

1in.am