Նախընտրական շրջանին ընդառաջ՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատման վերաբերյալ Վերաքննիչի որոշման բեկանումն ու նաև Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավար Վաչագան Ղազարյանի կալանավորումը, անշուշտ լինելով իրավական տիրույթում կայացված որոշումներ, իրենց անբեկանելի ազդեցությունն են թողնելու նաև ներքաղաքական գործընթացի, հատկապես նախընտրական իրողությունների և դասավորության վրա: Ու բանն այստեղ լոկ նախորդ իշխող համակարգը ներկայացնող տարբեր սեգմենտների նախընտրական կառավարելիությունը կամ վերահսկելիությունը չէ: Այդ հարցին մենք անդրադարձել ենք: Կա նաև ուշադրության արժանի այլ ասպեկտ:

Նախօրեին «Սասնա ծռեր» կուսակցության շտաբի պետ և առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ իրենք գալիս են նախորդ իշխանությանը պատասխանատվության ենթարկելու: Խորհրդարանի ընտրությանը մասնակցող «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակում Ժիրայր Սեֆիլյանը չկա՝ քաղաքացիության հետ կապված խնդիրների պատճառով, որոնք կարծես թե լուծված են արդեն, սակայն իրավաբանորեն գործընթացը, այսպես ասած, չի տեղավորվել ընտրական գործընթացում խնդիր չառաջացնելու ժամկետում: Բայց Սեֆիլյանն անշուշտ կուսակցության առաջնորդն է, և այդ առումով նրա հայտարարությունները անկասկած «ծրագրային» են:

Սրան զուգահեռ՝ գաղտնիք էլ չէ, որ «Սասնա ծռերը» աշխատում է արմատական և կոշտ մոտեցումների կրող հանրային շերտերի ուղղությամբ, և սպասելի է, որ նրանք նախկին իշխանության հանդեպ հենց այդ՝ պայմանական ասած, «անսեր ու անհանդուրժող» բանաձևով են մտնում նախընտրական պայքար:

Եվ այստեղ իհարկե օգտագործելի էր այն հանգամանքը, որ նախորդ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներից ըստ էության միայն Մանվել Գրիգորյանն է կալանքի տակ կամ առանցքային դեմքերից՝ միայն Սամվել Մայրապետյանը: Իսկ ինչպես հայտնի է, հասարակության մեջ կան տրամադրություններ, թե ինչո՞ւ այդ պաշտոնյաները, օլիգարխները և այլն՝ կալանքի տակ չեն, չեն ենթարկվում իրավական պատասխանատվության: Նիկոլ Փաշինյանն իհարկե տվել է այդ հարցի պատասխանը՝ խնդիրը բանտերը լցնելը չէ, այլ թալանածը հետ բերելը: Բայց այդ պատասխանն իհարկե ոչ բոլորի համար է ընդունելի, և կան շերտեր, որոնք կարծում են, որ պետք է կամ կարելի է հետ բերել միայն պատժելով: Սա իսկապես կոնցեպտուալ խոսակցության առարկա է, տվյալ պարագայում կա հետաքրքիր իրավիճակ:

Իհարկե, ոչ ճշգրիտ գիտական դիտարկմամբ, սակայն տարբեր ինդիկատորներից ելնելով հնարավոր է եզրակացնել, որ արմատական, կոշտ մոտեցումների կրող շերտերը բավականին աչքի ընկնող են, բայց իրենց թվաքանակով որոշիչ մեծություն չեն: Մյուս կողմից՝ գուցե որոշիչ մեծություն չեն Նիկոլ Փաշինյանի համար, սակայն որոշիչ են «Սասնա ծռերի» համար՝ ընտրական, այսպես ասած, «երկրորդների» միջև պայքարում հաջողություն ակնկալելու տեսանկյունից:

Ահա այս առումով, երբ ընտրությունից առաջ տեղի են ունենում զարգացումներ նախորդ իշխող համակարգի առանցքային ներկայացուցիչների հանդեպ ավելի կոշտ քայլերի տրամաբանությամբ, դա կարող է, այսպես ասած, ազդեցություն թողնել «Սասնա ծռեր» կուսակցության ընտրազանգվածի վրա՝ կոշտ տրամադրված և իշխանությունից կոշտ քայլեր պահանջողներից շատերին, այսպես ասած, պահելով հենց իշխանության ընտրազանգվածում կամ հետ բերելով իշխանության ընտրազանգված: Իսկ դա բնականաբար իր ազդեցությունը կթողնի ընտրապատկերի վրա, այն հիմնական ինտրիգի, որ առկա է իշխող մեծամասնությունից անդին:

Рус