Նոյեմբերի 17-ին «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը կազմակերպում է մեծ ավտոերթ դեպի Արցախ` մասնակցելու Արցախում ստեղծվելիք «Սասնա ծռեր» արցախյան կուսակցության հիմնադիր համագումարին: Ավտոերթի մասնակիցները համագումարին ներկա լինելուց բացի, մի քանի օր կշրջեն նաև Արցախի քաղաքներում ու գյուղերում, հանդիպումներ կունենան արցախցիների հետ:

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 31-ին դեպի Արցախ «Հիմնադիր խորհրդարանի»՝ «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը ավտոերթ էր իրականացնում։ Բերձորում, սակայն խափանվեց ավտոերթը դեպի Արցախ, ծեծի ենթարկվեցին ազատամարտիկներ և այլն։

«Առաջին լրատվական»-ը Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց՝ արդյոք այս անգա՞մ էլ ավտոերթը չեն թողնի մտնի Արցախ։ Ի պատասխան՝ Դավիթ Բաբայանը նշեց, որ ամեն ինչ պետք է ընթանա օրենքի սահմաններում, և դա բոլորի համար է՝ անկախ նրանից, թե խոսքն ում մասին է, ինչ դիրք է զբաղեցնում, ինչ վաստակ ունի և այլն: «Կարծում եմ՝ ամեն ինչ ընթանալու է օրենքի շրջանակներում, և այստեղ այլ տարբերակ ուղղակի չկա», -հավելեց նա։

Հարցին՝ ինչո՞ւ 2015-ին խոչընդոտեցին ավտոերթը, Դավիթ Բաբայանը պատասխանեց.

«Այն ժամանակ մի քիչ այլ խնդիրներ կային։ Եթե ամեն ինչ օրենքի սահմաններում է, եթե ամեն ինչ արվելու է այնպես, որ որևէ ձևով իրավիճակը չապակայունանա, բնական է՝ որևէ սադրանք չպետք է լինի, այս ոճով էլ պետք է ընթանա գործընթացը»։

Անդրադառնալով Արցախում ստեղծվելիք «Սասնա ծռեր» արցախյան կուսակցության հիմնադիր համագումարին՝ Դավիթ Բաբայանը նշեց, որ կա օրենք, և համապատասխան օրենքով էլ պետք է շարժվեն: «Արդեն նրանք այստեղ հիմնադրել են կառույց, կան մարդիկ, որոնք այդ կուսակցության անդամներ են։ Ցանկացած կուսակցություն, եթե օրենքի սահմաններում է գործում, մարդիկ իրավունք ունեն ստեղծելու։ Իսկ թե ինչ արդյունք նրանք կարող են ստանալ, ցույց կտան միայն ընտրությունները»,- ասաց նա։

Հայաստանում կուսակցություն ստեղծած ուժը կարո՞ղ է Արցախում մասնաճյուղ բացել։ Դավիթ Բաբայանը նշեց, որ դեռևս այդպիսի բան չի եղել՝ բացառությամբ ՀՅԴ-ի, նաև Ռամկավար ազատական կուսակցությունը մասնաճյուղ ունի. «Իհարկե, այնտեղ կան լուրջ տարաձայնություններ նրանց և կուսակցության կենտրոնական օղակի միջև, բայց դա իրենց ներքին խնդիրներն են։ Ամեն ինչ արվում է օրենքով. եթե օրենքը չի արգելում, ապա որևէ խնդիր չկա»։

Այնուամենայնիվ, ինչպե՞ս ստացվեց, որ մի քանի տարի առաջ նույն կազմակերպիչներին այդպես էլ թույլ չտվեցին Բերձորից առաջ գնալ ու հասնել Ստեփանակերտ, Դավիթ Բաբայանը նշեց, որ այն ժամանակ դեռ կուսակցություն չկար, նպատակներն ուրիշ էին. «Այնպես ստացվեց, որ եղավ մի տհաճ պատմություն։ Գիտեք, որ մեղավորները պատասխանատվություն են կրել։ Իսկ հիմա քաղաքական ուժ են ստեղծում, իսկ այդ դեպքում նրանք պետք է ամեն ինչ անեն, որ ամեն ինչ լինի օրենքի սահմաններում։ Դուք գիտեք, որ մենք Հայաստանի ներքին կյանքին չենք միջամտում, այն ժամանակ ուրիշ հրամայական է եղել, իրավիճակները տարբեր են»։