Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ լարվածությունը չի թուլանում։ Երեկ լուր տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանի առջեւ դրել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին ազատելու հարցը, հիմնավորումն էլ եղել է այն, որ Արցախի պաշտոնյաների հայտարարությունների պատճառով է Փաշինյանի ու իր թիմի վարկանիշն անկում ապրում, ուստի հակահեղափոխականները պետք է հեռանան իշխանությունից։ Նախօրեին Բակո Սահակյանն իր մոտ է հրավիրել Վիտալի Բալասանյանին եւ առաջարկել ազատման դիմում գրել: Բալասանյանը Փաշինյանի ուշադրության տիրույթում է հայտնվել իր քննադատական հայտարարությունների պատճառով։

Վերջինը եռատոնի ժամանակ էր, երբ Բալասանյանը, նկատի ունենալով Փաշինյանին, լրագրողների հետ զրույցում հեգնեց՝ «վերելակային բանակցություններ վարողից պետք է հարցնել», թե ինչ է կատարվում, եւ թե ինչու են սահմանին կրակոցները հաճախացել։ ՀՀ իշխանությունները նրա նկատմամբ անգամ որոշակի օպերացիա իրականացրին․ մայիսի 19-ին Ավան վարչական շրջանում ավտոմատավոր ոստիկանները զննության անվան տակ կանգնեցրել էին Բալասանյանի ավտոմեքենան՝ զենք էին փնտրում, աղմուկ բարձրացավ, եւ օպերացիան անպտուղ ավարտ ունեցավ։ Դրանից հետո՝ մայիսի 31-ին, Բալասանյանը հայտարարեց «Հանուն Արցախի» համազգային շարժման մեկնարկի մասին, ինչը եւս ՀՀ իշխանությունների կողմից խիստ բացասաբար ընդունվեց։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը հիմա ուղիղ տեքստով է նրա հեռացումը պահանջում։

Արցախի մեր աղբյուրների պնդմամբ՝ Բալասանյանը մոտ օրերս հեռանալու է պաշտոնից, դա հաստատ է, սակայն անելու է սեփական կամքով, թեեւ նախապես ասում էին, որ հրաժարվել է դիմում գրել, ասելով՝ ինքներդ հեռացրեք։

Արցախից մեզ ներկայացրին, որ նախագահական ընտրություններին առաջադրվելու հայտով պայմանավորված՝ Բալասանյանն իբր հետ է մնացել մյուս թեկնածուներից՝ Արայիկ Հարությունյանից եւ Սամվել Բաբայանից, եւ քարոզչություն է անում երեկոյան՝ աշխատանքից հետո, ուստի ինքնակամ է հեռանում։ Բալասանյանի հրաժարականի լուրին զուգընթաց, երեկ հրապարակվեց Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանի հրաժարականի հաղորդագրությունը։ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռեւս ամիսներ առաջ Արցախի Հանրապետության նախագահին էի ներկայացրել ԱՀ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատմանս դիմումը: Դիմումի ընդունման ընթացքը հետաձգվեց նախագահ Սահակյանի հետ տեղի ունեցած զրույցից հետո` կապված մի շարք ներքաղաքական եւ անվտանգային հարցերի մասով իմ մասնակցության եւ դերակատարության հանգամանքի հետ: Վստահ եմ` արել եմ առավելագույնը եւ իմ շնորհակալությունն եմ հայտնում ԱՀ նախագահին, իմ գործընկերներին` համատեղ աշխատանքի համար: Շարունակելու եմ անտարբեր չմնալ Արցախի եւ նրա շուրջ կատարվող գործընթացներին»:

Արթուր Աղաբեկյանն իր շրջապատում որպես ազատման պատճառ նշել է այն, որ պատրաստվում է ակտիվորեն մասնակցել Արցախում սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին եւ աջակցելու է Արայիկ Հարությունյանին: Հաշվի առնելով այն, որ Արայիկ Հարությունյանը եւս ավելի վաղ ազատվել էր նախագահի խորհրդականի պաշտոնից ու ըստ էության զբաղված է ընտրություններով, Արթուր Աղաբեկյանը եւս ճիշտ չի համարում այդ ուղղությամբ աշխատել՝ միաժամանակ զբաղեցնել նախագահի խորհրդականի պաշտոնը: