Ֆիջիի մայրաքաղաք Սուվայում ավարտվեց ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը։ Այսօր պայքարի մեջ մտան գերծանր քաշային տղաները և աղջիկները։ Հայաստանն այս քաշային կարգերում ներկայացնում էին Վարազդատ Լալայանը և Արփինե Դալալյանը։
Վարազդատը, պոկելով 192 կգ և հրելով 227 կգ, երկամարտի 419 կգ արդյունքով, հռչակվեց աշխարհի չեմպիոն։ Արծաթե մեդալ նվաճեց Իրանը ներկայացնող Ալի Դավուդին՝ երկամարտի 418 կգ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակեց նրա հայրենակից Ալիռեզա Յոսեֆին՝ երկամարտի 396 կգ արդյունքով։
Դալալյանը, պոկելով 101 կգ և հրելով 140 կգ, երկամարտում գրանցեց 241 կգ արդյունք և զբաղեցրեց 4-րդ տեղը։ Հրում վարժությունում նա նվաճեց փոքր բրոնզե մեդալ։ Այս քաշային կարգում հաղթող դարձավ Կորեան ներկայացնող Սյոն Մի Լյոն՝ երկամարտի 276 կգ արդյունքով։ Արծաթե մեդալ նվաճեց Սամոան ներկայացնող Ֆիջաջա Սթյուըրսը՝ երկամարտի 275 կգ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակեց ԱՄՆ-ի ներկայացուցիչը՝ երկամարտի 245 կգ արդյունքով։