ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես, ինչպեսև մեր ժողովրդի մեծագույն մասը, ողջունեցի համաժողովրդական հեղափոխությունը՝ բացի նրա «թավշյա» գունազարդումից, ինչի մասին մի քանի անգամ արտահայտվել եմ մամուլում և համացանցում: Սկզբնական շրջանում ենթադրում էի, որ հեղափոխական իշխանությունը և նրան գլխավորողը սկսելու էին արագորեն հասկանալ ինչն-ինչոց է երկրում հեղափոխական և համակարգային բարեփոխումներ կատարելը, որը առաջնահերթորեն պիտի բացառեր հաստաքսակ և արտաքին ուժի հովանավորությունը վայելող հակահեղափոխության ռևանշի հնարավորությունները: Սա, բացի այլևայլից, հեղափոխության և դա գլխավորողների ինքնապահպանական բնազդն էր թելադրում: Բայց արի ու տես, որ քաղաքական տգիտությունը, երկրի արտաքին հարաբերությունների անսկզբունքայնությունը, ներքին քաղաքականության ինքնահոսի մատնվածությունը, իշխանավարման տեխնոլոգիաներին չտիրապետելը, տնտեսավարման համակարգված գիտելիքներից զուրկ լինելը, խայտառակ կադրային քաղաքականությունը և անձնական կարողությունները գերագնահատելը հեղափոխությանը կանգնեցրել են տապալման եզրին: Հակահեղափոխական ուժերի սաբոտաժն այսօր ընթանում է արագացվող թափով: Եվ դրա գլխավոր պատասխանատուն գործող իշխանությունն է, որին ոչինչ չեն հուշում ժողովրդական դժգոհությունների հաճախակիացող արտահայտությունները: Հեղափոխության պարտության սև խարանը կասկածի տակ է դնելու հայոց պետականության և հայ ժողովրդի հետագա գոյությունը»: