Այն, որ դատական համակարգում պետք է նաև կոշտ մեթոդներ կիրառվեն, ճիշտ մոտեցում է, բայց դա պետք է լինի իրավական հարթությունում։ Lragir.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով դատական համակարգում վեթինգ իրականացնելու հարցին։

«Սա նոր գործընթաց է, մենք անհապաղ ուսումնասիրություններ ենք սկսել իրականացնել։ Դեռ պարզ չէ, պետք է հասկանանք, թե ինչի մասին է խոսքը, և նաև պետք է հասկանանք, թե ինչ է առաջարկում կառավարությունը»,- ասաց Թաթոյանը։

Նրա խոսքով՝ աշխարհի փորձից միայն տեղյակ են, որ Ալբանիան է իրականացրել և շարունակում իրականացնել վեթինգ։

«Եթե չեմ սխալվում, այնտեղ և դատավորների, և դատախազների վեթինգ են իրականացնում։ Դա մի քանի կոմպոնենտ է ենթադրում՝ աշխատանքին, կոչմանը համապատասխանություն, շահերի բախումների հետ կապված հարցեր, կոռուպցիոն ռիսկերի հետ կապված հարցեր, նաև գիտելիքները, պրոֆեսիոնալիզմը»,- ասաց նա։

Օմբուդսմենն անդրադարձավ նաև Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի այն հայտարարությանը, որ հնարավոր է վեթինգի հետևանքով նաև ունեզրկումներ լինեն։

«Մենք հիմա ուսումնասիրություններ ենք իրականացնում, ինչ էլ որ լինի, պետք է իրավունքի գերակայության սկզբունքը երաշխավորել, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան պետք է լինի գործընթացը։ Եվ ուզում եմ հատուկ նշել այն, որ այս բարեփոխումները ոչ թե պետք է սրեն խնդիրները, լարվածությունը, այլ պետք է նպաստեն առկա խնդիրների լուծմանը»,- ասաց նա։

Մարդու իրավունքների նախկին պաշտպանն իր զեկույցներում դատարաններում կաշառքների գների մասին տեղեկություններ էր հրապարակում։ Արման Թաթոյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է այս առումով արձանագրել ինքը, որքանո՞վ է կոռումպացված դատական համակարգը։

Նա ասաց, որ վերլուծություններ են անում, գրեթե նույն խնդիրները նաև իրենք են նշել։ «Դա արտահերթ զեկույց էր, թվեր կային, խնդրում եմ իմ գործընկերոջն այդ մասին հարցրեք։ Իսկ իմ զեկույցներում կան նշված խնդիրներ, որոնց մասին ես իմ ելույթներում ասել եմ։ Իհարկե, կան նաև կոռուպցիոն դրսևորումներ»,- հավելեց նա։

Այս իրավիճակում, ըստ Թաթոյանի, չպետք է մարդկանց բանտերը լցնելու խնդիր լինի։

«Համակարգային առումով մարդու իրավունքների պաշտպանության համակարգը պետք է այնքան ամուր լինի, որ քաղաքական փոփոխությունները կապ չունենան դրա հետ։ Բայց պետք է դա ամուր հիմքերի վրա լինի և նպաստի դատական իշխանությունում առկա խնդիրների վերացմանը»,- նշեց նա։