Մենք դեռեւս 1988-ին մեզ համար որոշեցինք, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ»։ Բազմահազարանոց հանրահավաքներին մասնակցող, մի հսկա տոտալիտար երկրի դեմ ելած հայ ժողովուրդն ամրագրեց, որ արցախցուն մենակ չի թողնելու եւ ամեն ինչ անելու է, որ Ղարաբաղը միանա Հայաստանին։ Հետո պարզվեց, որ ժողովրդի որոշումը դե յուրե ամրագրելն ու միջազգային հանրությանը մեր կամքը պարտադրելը հեշտ բան չէ՝ մենք «փոքր ածու», ոչ հզոր եւ ռուս եղբոր կամքից կախյալ ժողովուրդ ու պետություն ենք, ուստի բաղձալի նպատակին հասնելու երկար ու տանջալից ճանապարհ ունենք անցնելու։

Այդ ճանապարհին մենք մարդկային կորուստներ պետք է ունենայինք, հիասթափության, հուսահատության ու նահանջի պահեր, ոմանք պետք է զղջային, որ մտել ենք մեր ուժերից վեր բեռի տակ, ոմանք անգամ Արցախը պետք է դիտեին մեր զարգացման ճանապարհին խոչընդոտ, բայց հանրային հավաքական կամքը «Արցախ-Հայաստան» միասնություն էր հռչակել, եւ դրանից հրաժարվելն արդեն դավաճանություն էր դիտվելու, նահանջողներին պաշտոնանկություն եւ իշխանազրկություն էր սպառնալու, իսկ արցախցի-հայաստանցի անջրպետ ստեղծողները դաժան հալածանքների էին ենթարկվելու։

Եվ անգամ երբ Արցախից Հայաստան ժամանած պաշտոնյաներից հայ հասարակությունը երես թեքեց, երբեք արցախցի-հայաստանցի հակասությունները շատ չխորացան եւ չխրախուսվեցին։ Նման ցանկացած դրսեւորում արմատախիլ էր արվում հիմքից, եւ այդ թշնամանքը հրահրողներին հանրային պարսավանքի էին ենթարկում։ 2018-ին բաղձալի իշխանափոխությունից հետո արցախցի-հայաստանցի հակասությունների թեման կրկին ասպարեզ է ելել, այս անգամ՝ ՀՀ նոր իշխանությունների թեթեւ ձեռքով, որը որոշել է նույնացնել ՀՀ նախկին եւ Արցախի ներկա իշխանություններին ու դավադրություններ փնտրել արցախյան հողում։

Արմինե Օհանյան