Այսօր Ազգային ժողովի նիստ է եղել և ԱԺ ղեկավարությունը չհիշատակեց անգամ Շուշիի հաղթանակի մասին։ Ազգային ժողովում ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նկատողություն արեց ԱԺ ղեկավարությանը՝ եռատոնը չշնորհավորելու համար․ «Այսօր մեր Հանրապետությունում եռատոն է, չգիտեմ՝ ինչու երկրորդ անգամ միտում եմ տեսնում, չի շնորհավորվում։ Ուզում եմ բոլորին, հայ ժողովրդին շնորհավորեմ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ»։ Երբ դահլիճը ծափահարեց, նախկին հրամանատարն ասաց՝ շնորհակալ եմ և նյարդայնացած հեռացավ։ ԱԺ Նախագահ Արարատ Միրզոյանն էլ ասաց՝ շնորհակալ եմ, որ ինձ հիշեցրիք։

Նախկին կամավորական ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի վրդովմունքը տեղին էր։ 1988 թվականին Սասուն Միքայելյանը Հրազդան քաղաքում հիմնադրել է «Սասուն» կամավորական ջոկատը։ 1988 թվականին հրազդանցի կամավորականների հետ 25-30 ավտոմեքենաներից բաղկացած ավտոշարասյունով մտել է Շամխորի շրջանի Ձապախլու, Բուղա, Ջագիր գյուղեր և կազմակերպել հայ բնակչության անվտանգ տարհանումը Հայաստանի Հանրապետություն։ 1990-1994 թվականներին «Սասուն», «Կոռնիձոր», «Սասունցի Դավիթ» և այլ կամավորական ջոկատների, «Փառանձեմ» ծածկանունով գործող խափանարարական խմբի կազմերում մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի (Բերդավան, Բաղանիս, Ոսկեպար), Տավուշի (Պառավաքար), ԼՂՀ Ասկերանի (Խոջալու), Մարտակերտի (Մրխավենդ, Կիչան, Հաթերք, Ումուդլու), Շուշիի, Քելբաջարի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Շուշիի ազատագրական մարտերի ժամանակ վիրավորվել, ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ։

Շատերն այն կարծիքն են հայտնում, որ Շուշիի ազատագրումը եղել է մայիսի 9-ին, վիքիպեդիայից ներկայացնում եմ այս փոքրիկ հատվածը․

Շուշիի ազատագրումը (հայտնի է նաև Հարսանիք լեռներում ռազմագործողություն, Շուշիի գրավում անվանումներով), Արցախյան պատերազմի մաս կազմող ռազմական գործողություն է, որը տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 8-ից 9-ը Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի (համաձայն ադրբեջանական տեսակետի՝ Ադրբեջանի Հանրապետության Շուշիի շրջանի) Շուշի քաղաքում և բնակավայրի մատույցներում և իրականացվել է հայկական զինված ուժերի, այդ թվում՝ կամավորական ջոկատների կողմից: